Panorama.am-ը գրում է.
 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) կոչ է արել սատարել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ: Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից (Համագումար):

«Մի փոքր խոսենք Արցախում ականազերծման գործընթացի մասին: Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ուղղված մեր օգնության ծրագրերը 1998թ.-ից ի վեր աջակցել է կյանքեր փրկող մայրական առողջության պահպանմանը, մաքուր խմելու ջրի ապահովմանը, մաքրել տարածքները ականներից և չպայթած սարքավորումներից: HALO Trust կազմակերպությունը, որը ղեկավարում է ականազերծման գործընթացը, հաղորդում է, որ 88%-ով ավարտին է հասցրել իր առաքելությունը, սակայն դեռևս ԱՄՆ-ի դրամական միջոցների կարիքն ունի կյանքեր փրկող իր գործունեությունը շարունակելու համար. դեռևս հավելյալ մարդասիրական կարիքներ կան: Արդյո՞ք ակնկալվում է, որ HALO Trust-ը կֆինանսավորվի, որպեսզի կարողանա ավարտին հասցնել ականազերծման գործընթացը», - հարցրել է կոնգրեսական Շերմանը:

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում պետքարտուղարի առաջին փոխտեղակալի պաշտոնակատար դեսպան Ջոն Հեֆերնն ի պատասխան նշել է. «Տարիներ շարունակ, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, տրամադրել ենք 45 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, մարդասիրական օգնություն, ինչպես ձևակերպեցիք, ջրի և ականազերծման [համար]: Ինչպես հասկացա, HALO Trust-ի վերջին զեկույցում հաշվարկվել է վերջինիս ականազերծման գործընթացի մոտավորապես 96-97% իրագործում, ինչը շատ կարևոր է, և պետք է դրա գնահատականը տրվի նախքան հաջորդ քայլի մասին որոշում կկայացնենք»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում տնօրենի օգնականի պաշտոնակատար Մարգո Էլլիսը հավելեց, որ ականազերծումը սովորաբար ֆինանսավորվում է իրենց տարածաշրջանային բյուջեից:

«Նախկինում հայց ենք ուղարկել Կոնգրեսին, որպեսզի մեզ ներգրավեն դրանում, և նմանատիպ հայց կներկայացնենք», - ավելացրեց նա:

Համագումարն իր 2018թ. ֆինանսական տարվա վկայությունում կոչ էր արել ոչ պակաս քան 8 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Արցախին, այդ թվում՝ ականազերծման գործընթացին: «Հարաբերականորեն փոքր ներդրմամբ Ամերիկան հնարավորություն ունի զգալի փոփոխություն բերել Արցախի ժողովրդի առօրյա կյանքում», - հայտարարված է Համագումարի վկայությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել