Հեռավոր 87-ին էր. մի տարի էր, ինչ վերադարձել էի սովետական բանակից ու աշխատում էի ՄՀՀ-ում (Մարզահամերգային համալիրում), որը, բնականաբար, դեռ Կարեն Դեմիրճյանի անունը չէր կրում: Ռեժիսոր-կազմակերպիչ էի, գործս ինձ ահավոր դուր էր գալիս. շուտ-շուտ համերգներ էին կազմակերպվում, արտասահմանից գալիս էին խմբեր ու կատարողներ, որոնց միայն հեռուստացույցով էինք տեսել, գալիս էին և մերոնք, որոնցից շատերին նույնպես հեռուստացույցից դուրս հանդիպել գրեթե չէր վիճակվում: Կատարյալ երանության մեջ էի` բարձրաճաշակ երաժշտություն, աշխարհով մեկ հայտնի անուններ, կարճ ընդմիջումներին կենդանի շփում լեգենդի կարգավիճակ ունեցող արվեստագետների ու սպորտսմենների հետ, համերգից հետո տպավորությունների փոխանակում, հաճախ`շշի շուրջ... Հանդիսատեսի պակաս չկար. մարդիկ փող ունեին ու լավ համերգների տոմս ձեռք բերելու համար իրար գլուխ էին ջարդում:
Մի խոսքով` չսիրածս սովետի սիրածս ժամանակները... երբ մեր ՄՀՀ-ի նույնիսկ խոնարհ, գրել-կարդալ չիմացող հավաքարարուհիներն ընդվզում էին` լսելով, որ ռաբիսներն ուզում են մեր դահլիճներում ելույթներ ունենալ... 
Մի երեկո համերգային դահլիճում «զբոռնի սալյանկա» համերգ էր, արդեն չեմ հիշում ինչ օրվա կապակցությամբ։ Հայաստանի ամենահայտնի արտիստները, երաժիշտները, պարի կոլեկտիվները, բոլորը ներկա էին: Աշխատում էինք լարված, բայց չտեսնված հավեսով` արագ փոխել բեմն ու դեկորները, ուղղել լույսերը, տեղափոխել միկրոֆոններն ու աթոռները և այլն... Կապի հիանալի միջոցներ ունեինք։ Ընդհանրապես, ՄՀՀ-ի տեխնիկան մինչև հրդեհն ու դրանից հետո էլ էնքան որակյալ էր, որ դրսից եկող մարդկանց բերանը պարզապես բաց էր մնում, կես բերան ինչ ասեին, հինգ րոպե հետո դիմացները պատրաստ դրված էր...
Մեր տեխնիկականի տղաներն էդ օրը սովորականի պես իրենց բարձրության վրա էին, բոլորը մի մարդու պես գիտեին իրենց անելիքն ու պտտվում էին բեմի շուրջը, կողքերը, տակն ու վրան, վայրկյան անգամ չուշացնելով` մենք նաև մրցակցության մեջ էինք տարբեր ծառայություններով, որ համերգից հետո էլի գլուխ գովենք:
Մի խոսքով՝ ինչ հայտնի մարդ ասես, ելույթ ունեցավ, ու եկավ մեր մեծ մաեստրոյի` Ռուբեն Մաթևոսյանի ելույթի պահը։ Մեկ երգ, ինչպես և սահմանված էր էդ օրը բոլորի համար, տևողությունը՝ նախապես ֆիքսած, լույսերն արդեն դրված, երաժիշտները պատրաստ նստած, ժողովուրդն էլ հիացած ծափահարում է, որովհետև համերգավարը Մաթևոսյանի անունն արդեն տվել է: 
Մեծ երգիչը դուրս եկավ բեմ, համբերեց, որ ծափերը հանդարտվեն, ու կատարեց իր երգը: Կարծեմ «Բախտի արագիլ»-ն էր երգում: Մենք կուլիսներից հմայված լսում էինք, առաջին շարքերի վրա ընկնող լույսերի տակ երևում էր, թե ինչպես է հանդիսատեսն անձայն ու երջանիկ երգում հազարավորների սրտին մոտ, անգիր արած, անմահ երգը: Մաեստրոն ավարտեց։ Դահլիճը պայթեց բուռն ծափերից։ Մարդիկ սկսեցին ոտքի կանգնել ու ծափահարել ձեռքերը չխնայելով: Մաթևոսյանը խորը գլուխ տվեց ու հեռացավ բեմից, վարագույրը փակվեց, երաժիշտներն արագ, իրար հետևից լքեցին բեմը, մենք սկսեցինք տեղափոխել միկրոֆոններն ու աթոռները. հաջորդ համարն, ուր որ է, պիտի սկսվեր:
Մինչդեռ դահլիճում ծափահարությունները չէին դադարում, հանդիսատեսը բացականչություններով հետ էր կանչում Մաթևոսյանին՝ պահանջելով, որ էլի երգի...
Կուլիսներում կանգնած էին ՄՀՀ-ի էն ժամանակվա տնօրենը (անունը չեմ տալիս) ու համերգի ռեժիսորը (նրանն էլ չտամ): Բոլորս սպասում էինք, որ ծափահարությունները դադարեն ու համերգավարը հայտարարի մյուս համարը: 
Բայց արի ու տես, որ Ռուբեն Մաթևոսյանի հասցեին ուղղված ծափահարությունները, միևնույն է, չէին դադարում:
Մաեստրոն, որն արդեն պատրաստվում էր հեռանալ կուլիսներից, ոտքը մի պահ կախ գցեց ու հարցական նայեց համերգի ռեժիսորին:
- Ռուբեն ջան, ճար չունես, էլի պիտի երգես, մարդիկ պահանջում են,- ժպտալով խնդրեց վերջինս:
Մինչդեռ տնօրենը, որը հայտնի էր իր չոր ու կոպիտ բնավորությամբ, նրա թևից բռնած, բացահայտ քաշեց կուլիսների խորքը, Մաթևոսյանի աչքից հեռու ու մռայլ ձայնով սաստեց.
- Դու ստեղ որոշումներ մի կայացրու, քոնը բեմն ա, չխառնես հանկարծ...
Ռեժիսորը ցուցադրաբար ազատեց իր թևը, նրա ձայնը նույնպես փոխվեց ու իջավ մի օկտավ.
- Չհասկացա, բեմն ա, դրա համար էլ ասում եմ... Խի մենակ դու պտի՞ որոշումներ կայացնես... Գեղարվեստականի մեջ ընչի՞ ես խառնվում, մենք ո՞նց ենք պայմանավորվել:
- Որովհետև տնօրեն եմ, այ տղա... Ու կխառնվեմ, երբ կուզեմ։ Ես գրաֆիկ ունեմ, դրանից դուրս չպտի հելնես...
Իսկ պահանջկոտ ծափահարությունները շարունակվում էին...
Ռեժիսորը սկսեց դանդաղ թարթել ու դանդաղ խոսել.
- Ուրեմն՝ լսի. այ տղան դու ես ու գալստուկիդ, մեկ էլ աթոռիդ չխաբնվես, այ սութի տնօրեն, էղա՞վ... Էս մարդուն ժողովուրդն ա պահանջում, ուրեմն՝ պտի երգի:
- Ասում եմ՝ չպտի երգի,- ձայնը բարձրացրեց տնօրենը՝ բռնելով ռեժիսորի բաճկոնի օձիքից։- Որ ամեն կատարող գրաֆիկից դուրս սկսի համարներ կատարել, վերջը ո՞ւր ենք հասնելու... Հա, ես իրան հարգում եմ, բայց ով ուզում ա ըլնի, ինձ համար սաղ հավասար են, էսի Շխկոյի դուքանը չի, Հայաստանի ամենահարգված օբյեկտն ա, ընգեր ռեժիսոր...
Ռեժիսորը, որն, ինչպես հասկացաք, պակաս պատվախնդիր չէր, իր հերթին ամուր բռնեց տնօրենի օձիքից ու ֆշշաց նրա երեսին.
- Օբյեկտում հաց են ուտում, ընգեր տնօրեն, իսկ սա կուլտուրայի տաճար ա, ջոգո՞ւմ ես տարբերությունը: Ու եթե մարդիկ իրանց ճղելով բիս են գոռում, ուրեմն՝ մաեստրոն պտի էլի երգի, կարգն ա էդպես...
- Արա,- սկսեց գոռալ իրեն կորցրած տնօրենը,- որ հետո մի քանի հազար հոգի ուշ են հելնում շենքից, ու սաղ Կիևյանը պռոբկա ա ըլնում, մլիցեքը ի՞նձ են զանգում, թե՞ քեզ, այ բանից բեխաբար արվեստագետ... Չի երգելու, ասում եմ...
- Իրեք րոպե էսկողմ-էնկողմի համար միանգամից զանգում են, հա՞... Քու փայ հարիֆն էլ ես էի՞... Դու պարզապես չուզողություն ես անում, էղա՞վ...
Մենք մոտեցել էինք, որ նրանց բաժանենք, որ հանկարծ իրար խփեն, բայց չհասցրինք դա անել, որովհետև չդադարող ծափերը դահլիճում անսպասելի ավելի սաստկացան ու միանգամից, քըրթ, կտրվեցին: Տնօրենն ու ռեժիսորն, իրար օձիք բռնած, զարմացած, մեխանիկորեն նայեցին էդ կողմը:
Ու հանկարծ լսվեց Մաթևոսյանի չքնաղ, զուլալ ձայնը։ Նա խառնաշփոթի մեջ կրկին ելել էր բեմ ու եգում էր առանց երաժշտական ուղեկցության, միայնակ, ակապելլա, բայց ո~նց էր երգում, ի~նչ ձայն, ի~նչ գեղեցիկ, հուզիչ կատարում... Էնքան պայծառ, էնքան հուզական, էն աստիճան հարազատ ու սրտամոտ, որ միանգամից բոլորիս կոկորդները բռնվեցին, ասես միաժամանակ ուզեցինք արտասվել.... Երևի չեք հավատա, բայց չեմ հիշում, թե ինչ էր երգում, էնքան որ տարված էի ու կախարդված։ Մաեստրոյի շնչառությունն ասես իմը լիներ, մաքրամաքուր, հզոր բարձրախոսներից լցվում էր մեջս, թրթռում էր կրծքումս ու ականջներումս, պտտվում էր իմ հիացած հոգում ու հասցնելով երանության գագաթնակետին` փայփայում էր ողջ էությունս՝ կրկնելով` դու հայ ես, սա քոնն ա, սա միշտ եղել ա քոնն ու քոնն էլ կլինի... Հետո գլխի ընկան ու անջատեցին միկրոֆոնը, բայց նա էլի երգում էր, ինքնամոռաց, ավելի ոգևորված, բոլոր գրված օրենքներին ու պայմանականություններին հակառակ, և նրա հզոր ձայնը հսկայական, շունչը պահած դահլիճում չէր կորչում, անգամ առանց միկրոֆոնի...
Մաթևոսյանը կարճ երգեց, ասենք`երեք տան փոխարեն երկուսը: Երբ նա ավարտեց ու արագ հեռացավ բեմից՝ արժանանալով էլ ավելի փոթորկոտ ծափահարության, ոմանք դահլիճում արտասվում ու սրբում էին արցունքները, մի երկու կին էլ ուշացած վազեցին դեպի կուլիսները, ծաղիկներ նվիրելու մեծ երգչին։ Անվտանգության աշխատակիցները նրանց չհամարձակվեցին կանգնեցնել.... 
Տնօրենը, որին արդեն հեռացրել էինք ռեժիսորից, բան չասաց հանդուգն մաեստրոյին, բայց նրա մթնած հայացքում կարդացվում էր` Ռուբեն, քոնն արիր, էլի...
Ռեժիսորն, ընդհակառակը, եկավ, փաթաթվեց արտիստին ու խոսքեր չգտնելով՝ պարզապես երջանիկ թփթփացրեց նրա մեջքին:
Իսկ Մաթևոսյանը հաղթանակած անցավ բոլորիս կողքով, հետո անսպասելի վերադարձավ ու բարձրաձայն նետեց տնօրենին.
- Հա, հասկանում եմ՝ չէր կարելի... բայց ես երբեք չեմ հիասթափեցնում իմ ժողովրդին, ԵՐԲԵՔ: Ես իր ծառան եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել