«Հավանաբար հիշում եք ներդրումների մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի խոստումը. «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, և արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.»,- հայտարարել էր նա:
 
Պարզվում է, սակայն, իշխանությունները հիմա վերախմբագրում են այս խոստումները. օրերս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն ասել է, թե 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում, և առաջին կիսամյակի ընթացքում 220 մլն դոլարի ներդրումն արդեն իրականացվել է:
 
Փաստորեն, չնայած վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովելու խոստմանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն իջեցրել է ցուցանիշը մոտ 30 տոկոսով, ու արդեն խոսում են 500 մլն դոլարի ներդրումների մասին:
 
Բայց սա դեռ ամբողջը չէ. «Ժողովուրդ» թերթը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից փորձել է պարզել, թե Կարեն Կարապետյանի պաշտոնավարման այս ամիսներին կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է իրականացրել: Բայց նախարարությունից հայտնել են, թե դա առևտրային գաղտնիք է:
 
Թե ինչու են իշխանություններն առևտրային գաղտնիքի անվան տակ թաքցնում այս տեղեկությունները, դժվար չէ ենթադրել. տվյալների ավելի մանրամասն հրապարակմամբ հնարավորություն կստեղծվի ավելի հստակ պատկերացում կազմել ներդրումների իրական ծավալների մասին, և այդ դեպքում արդեն կբացահայտվի իշխանությունների բլեֆը. արդեն հնարավոր կլինի պարզել, թե կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում է ներդրել իր գումարները, արդյոք դրանք իսկապե՞ս օտարերկրյա կազմակերպություններ են, թե՞ արտերկրում գրանցված, բայց Հայաստանի իշխանություններին պատկանող ընկերություններ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել