Երևանի պետական համալսարանում դիպլոմները ռուսերեն են ոչ այն պատճառով, որ մեր սիրելի ռազմավարական գործընկերոջ բոլոր դարդերը պրծել էին, ու որոշել էր զբաղվել ԵՊՀ-ի դիպլոմների հարցով․․․

Դրանք ռուսերեն են, որովհետև, երբ ես սովորում էի, ինձ իմ 70 տարեկան դասախոսը թելադրում էր այն լեկցիաները, որոնք իրեն էր թելադրել իր դասախոսը սրանից մի 50 տարի առաջ այժմ գոյություն չունեցող մի պետությունում։ Այդ մարդը դեռ տեղյակ չէր, որ «Հայէլեկտրո» գործարանը այլև գոյություն չունի, և աշխատանքի ատեստավորման կարգը այդ գործարանում ուսումնասիրելը այդքան էլ ակտուալ չէ։

Եվ չնայած ես սովորում էի ամենապրակտիկ մասնագիտություններ պատրաստող, շուկայական հասարակարգում ամենապահանջված և ժամանակակից աշխարհում ամենադինամիկ զարգացող գիտությունները դասավանդող Տնտեսագիտական համալսարանում, որին մինչև հիմա էլ բոլորը ժողինստիտուտ են ասում՝ անտեսելով այն փաստը, որ արդեն 25 տարուց ավել ժողովրդական տնտեսություն այևս գոյություն չունի, այստեղ նույն ոգով և տրամաբանությամբ էին դասավանդվում, առանց որևէ չափազանցության, առարկաների 90 տոկոսը։ 
Օրական մի ժամ մեր մասնագիտությանը հատկացնելուց հետո մենք սովորում էինք աշխատանքի տեխնոլոգիաները Վանաձորի քիմպրոմում, աշխատաժամանակի տաբելները՝ Երևանի լամպերի գործարանում, ինչ-որ տարօրինակ հապավումներով առարկաներ տնտեսության պլանավորման մասին, իսկ այս «մասնագիտական» առարկաները վերջացնելուց հետո՝ քաղաքագիտություն, որի միակ դասագրքում գրած էր, որ Ղարաբաղյան շարժումը և Ղարաբաղ կոմիտեն հրահանգավորվում էր ԿԳԲ-ի կողմից, իսկ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ՀՀՇ-ն։ Հենց այսպես՝ առանց որևէ կասկածի կամ երկրորդ վարկածի հնարավորության, որպես դատական վճիռ։

Այս մարդկանց այդ փլուզված պետությունից սրբերի պես պահել են, արդեն 25 տարի նրանք նստած են Հայաստանի բոլոր բուհերում և շարունակում են ճիշտ այնպես, ինչպես դրանից առաջ, կարծես ոչինչ չի փոխվել, մի ամբողջ կայսրություն չի փլուզվել, սոցիալիստական ընկերավարական համակարգը դեռ գոյություն ունի, իրենք էլ պետական բյուջեի փողերով շարունակում են մասնագետներ պատրաստել այդ համակարգի համար։
Եվ այդպես էլ չգտնվեց մեկը իշխանության մեջ, որ փորձի վերջ տալ այս ուրվականների ինստիտուտներին և կառուցի նոր կրթական համակարգ։
Եվ այսքանից հետո ինչպե՞ս կարող էին դիպլոմները ռուսերեն չլինել, չէ՞ որ նրանց ոչ ոք հարկ չէր համարել զգուշացնել, որ ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել