Չերչիլն ասում էր, որ ժողովրդավարությունը լավ բան չի, բայց մարդկությունը առ այսօր դրանից լավ բան չի ստեղծել: ՀՀ-ում, սակայն, այն ոչ միայն լավ բան չդարձավ, այլև ամբողջովին աղավաղվեց ու կորցրեց իր հիմնական սոցիալական և քաղաքական ֆունկցիան` վերածվելով կեղծ կատեգորիայի: Եվ դա ի շնորհիվ իշխող քաղաքական ուժի` Հանրապետական կուսակցության և նրա բազմաթիվ գործիչների: Միայն զարմանալ կարելի է, թե ինչու և ինչպես են կարողանում այս կուսակցության շատ գործիչներ խոսել ժողովրդավարությունից, ժողովրդավարական արժեքներից, երբ ողջ իշխանությունը զավթել, կենտրոնացրել են իրենց ձեռքում, մոնոպոլիզացրել են ամբողջ քաղաքական և տնտեսական դաշտը, ավելին` իրենց իրականացրած հստակ քաղաքականության արդյունքում միմյանց են սերտաճել քաղաքական իշխանությունն ու խոշոր օլիգարխիան, իսկ սա պետության զարգացման գլխավոր վտանգն ու թշնամին է: Զարմանում ես, թե ինչպես են Շարմազանովներն ու Գալուստ Սահակյանները խոսում ժողովրդավարությունից, երբ հենց իրենք իշխանության են եկել հակաժողովրդավարական` կեղծված ընտրությունների միջոցով, երբ իրենք և իրենց Հանրապետական կուսակցությունը մշտապես ջանք ու եռանդ չեն խնայում իրենց իշխանությունը ամեն գնով վերարտադրելու համար: Սա՞ է ժողովրդավարությունը: Ի գիտություն ձեզ` ժողովրդավարությունը սեփական իշխանության անընդհատ վերարտադրություն չի ենթադրում, պարոնայք հանրապետականներ: Ժողովրդավարության պայմաններում ձեր պես իշխանությունները, որոնց կառավարման ընթացքում աղքատությունը հասնում է 35-40 տոկոսի, մեծապես աճում է գործազուրկների թիվը, իսկ երկրից արտագաղթում է շուրջ 250 հազար մարդ, մի օր ավել մնալ ուղղակի չի կարող: Մի խոսեք ժողովրդավարությունից, որովհետև դուք ձեր իշխանության տարիներին թաղեցիք այն և թքած ունեցաք նրա հիմնարար արժեքների վրա: Ինչպես շատ արժեքներ, այնպես էլ ժողովրդավարությունը դուք վերածեցիք կեղծիքի, նպաստեցիք այս ապազգային համակարգի արմատավորմանը` այդպիսով դառնալով կեղծ ժողովրդավարության ջատագովները… Որքան շուտ հասկանաք սա և հեռանաք, այնքան արագ մենք կկարողանանք վերացնել այս անօրինական համակարգը և ձևավորել ու հաստատել իրապես դեմոկրատական կառավարման համակարգ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել