Սա այն դիսկուրսն է, որն առաջիկա ժամանակահատվածում, կախված սահմանում տեղի ունեցող իրադարձություններից, զարգանալու է Հայաստանում։ Փորձագետներից շատերը գտնում են, որ ժամանակն է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ, որովհետև՝

ա. հրադադարի փխրուն ռեժիմը այդպես էլ չի պահպանվում, ու սահմանում պարբերաբար տեղի են ունենում մահվան ելքով դեպքեր,
բ. միջազգային հանրությունն այդպես էլ չի կարողանում համոզել Ադրբեջանին տեղադրել այնպիսի տեխնիկա, որը թույլ կտար պարզել, թե ով է առաջինը խախտել հրադադարը։

Հետևաբար, այս երկու իրողությունների պայմաններում, երբ միջազգային պարտավորվածությունները հակառակորդը չի կատարում, իսկ դրա հետևանքով անընդհատ հայկական կողմը զոհեր է ունենում, ժամանակն է դիմել այնպիսի գործողությունների, որը վերջ կդնի Ադրբեջանի այսօրինակ քաղաքականությանը։ Լեռնային Ղարաբաղում հրադադարը երբեք առաջինը չեն խախտում մի պարզ պատճառով, որ դա մեզ պետք չէ։ Սակայն այս վիճակն էլ երկար ձգվել չի կարող, որովհետև կապ չունի՝ վիրավոր ունենք, զոհ, թե անվնաս են բոլորը։ Միևնույն է, կա վտանգ, ու դա, նախևառաջ, բխում է հենց մեր անվտանգությունից։ Այնպես որ, ժամանակն է, որ Հայաստանն անցնի ռազմական գործողությունների այնպիսի չափաբաժնի, որը թույլ կտա զսպելու Ադրբեջանի ախորժակը, ու նույնիսկ այն դեպքում, երբ դրա համար հակառակորդը բազմաթիվ անմեղ զոհեր տա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել