Yerkir.am-ը գրում է.
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսանի` ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես` որ 2040 թվականին պետք է բնակչությունը հասնի 4 մլն-ի, 5% տնտեսական աճ պետք է ապահովվի: Նա նշեց, որ կառավարությունը նոյեմբերին կներկայացնի հաջորդ տարվա բյուջեն, որում հստակ նշված կլինեն ցուցանիշային թվերը՝ տնտեսական աճի, աղքատության ցուցանիշների, արտահանման աճի և այլն:
 
Ջավադյանը նաև նշեց, որ նման երկարաժամկետ կանխատեսում անել հնարավոր է, և շեշտեց, որ ուրիշ երկրների կանխատեսումներն ավելի երկարաժամկետ են լինում՝ մինչև 50 տարի:
 
Դիտարկմանը՝ Դուք էլ նշում եք՝ մեր տնտեսությունը շատ է կախված միջազգային զարգացումներից, նա պատասխանեց, որ ցանկացած երկրում է այդպես: Ըստ ԿԲ նախագահի՝ ցանկացած երկրի տնտեսություն էլ կախված է միջազգային իրավիճակից, հարևան երկրներում տիրող իրավիճակից, նաև այն միջազգային միությունների իրավիճակից, որոնց անդամակցում է պետությունը:
 
Հարցին՝ 0.2 տոկոս տնտեսական աճ ունենք, ինչո՞ւ է այդքան քիչ, և ո՞րն է ԿԲ-ի դերակատարումը, Ջավադյանն արձագանքեց. «Մեր դերակատարումը տեսել եք. 14 թվականից հետո գրեթե 4.5 տոկոսով` 12 անգամ իջեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը նպաստել է տնտեսության զարգացմանը և տնտեսական աճի` 0-ից վերևի ձևավորմանը»:
 
Դիտարկմանը՝ մասնագետները նշում են, որ 5 տոկոս տնտեսական աճն էլ չի հանգեցնի զարգացման, նա պատասխանեց, որ տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ կարող են տալ: «Դա կապված է՝ ինչպիսի քաղաքականություն ես դու վարում: Եթե վարես խելամիտ, թափանցիկ քաղաքականություն, և եթե քո արած քայլերը լինեն պրոֆեսիոնալ, ամեն քայլի էլ կկարողանաս հասնել: Եթե մի քիչ ամբիցիոզ լինես, ամեն ինչի էլ հնարավոր է հասնել»,- ասաց Ջավադյանը:
 
Դիտարկմանն էլ` բևեռացում կա, հարուստները հարստանում են, աղքատները` աղքատանում, ընդ որում` պաշտոնյաներն են հարստանում, նա պատասխանեց, որ այդպիսի բան չի տեսնում Հայաստանում: «Ես այդպիսի բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են: ՀՀ-ում ամեն ինչ էլ թափանցիկ է»,- ասաց ԿԲ նախագահը:
 
Նա նաև ընդգծեց, որ ԱՊՀ երկրներից ոչ մեկը մեզ հետ համեմատելի չէ, նույնիսկ` Ռուսաստանը, եթե նույնիսկ արտագաղթի տեմպերը համեմատես: «Եկեք Հայաստանը համեմատենք ԱՊՀ-ի հետ ու տեսնենք` ինչ վիճակում են գտնվում եկամուտները վերջին 8-9 տարում: Համեմատենք՝ ինչ վիճակում է գների կայունությունը, ինչ վիճակում է ֆինանսական կայունությունը: Մեզ հետ համադրելի է միայն Վրաստանը, մնացած ոչ մի երկիր մեզ համադրելի չէ, նույնիսկ` Ռուսաստանը»,- ընդգծեց Ջավադյանը:
 
Նա չհամաձայնեց դիտարկմանը, որ Հայաստանից արդարության բացակայության պատճառով են արտագաղթում: «Մարդիկ բոլոր երկրներից գնում են ավելի լավ երկրներ: Ինչո՞ւ են մարդիկ Լեհաստանից արտագաղթում, ինչո՞ւ են Ֆրանսիայից արտագաղթում և ԱՄՆ-ում ապրում»,- եզրափակեց ԿԲ նախագահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել