«Հայաստանում Վրաստանի բիզնես օրեր» համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, շատ կարևոր միջոցառում է երկու հարևան երկրների առևտրատնտեսական հարաբերություները զարգացնելու համար։ Ինչպես հայտնի է, Հայաստանը և Վրաստանը տնտեսական ինտեգրացիոն տարբեր գոտիներում են գտնվում․ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր։ Այս փաստը միշտ համարվել է խոչընդոտ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, սակայն ուրախալի է, որ այսօր քննարկվում է դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հնարավորությունը, ինչը նշանակում է, որ վերը նշված թվացյալ խոչընդոտը առավելության վերածելու փորձ է գոնե արվում։ Թերևս սա հնարավորություն կտա Հայաստանի օգտվելու Վրաստանի արտոնյալ շուկաներից, իսկ Վրաստանին՝ Հայաստանի արտոնյալ շուկաներից։ Պետք է փաստել, որ հայ-վրացական հարաբերությունների ոչ բավարար մակարդակը հիմնականում պայմնանավորված է եղել երկկողմանի քաղաքական կամքի բացակայությամբ և անհեռատեսությամբ։ Եթե սառույցը հալվելու է և երկու հարևան երկրներն իսկապես փորձելու են օգտագործել առկա ողջ ներուժը, ապա սրանից երկու երկրները միայն շահելու են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել