«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբա­քանակը: Հետաքրքիրն այն է, որ ռուսա­կան զենքի նախորդ խմբաքանակն Ադրբեջան էր աոաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին:
 
Սպառազինության նոր խմբաքանակի ֆոնին Հայաստանում վերսկսվեցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դա­տապարտող հայտարարությունները: Մասնավորապես՝ նախօրեին ՀՀ պաշտ­պանության նախարար Վիգեն Սարգսյա­նը հայտարարեց, որ բացասաբար է վե­րաբերվում Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարման: «Ես բազմիցս հնարավորություն եմ ունե­ցել պատասխանել այս հարցին: Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում ասի, որ շատ ոգևորված է, որ ռուսական զենք է հայտն­վել Ադրբեջանում, կարծում ենք՝ նա ան­կեղծ չի լինի»:
 
Հետաքրքիր է, որ հայ պաշտոնյաների պես ոգևորված չեն նաև ռուս քաղաքա­գետներից մի քանիսը, ովքեր կարծում են, որ սպառազինություն չպետք է տրվի ոչ Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին: Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքագետ Ալեք­սանդր Սկակովը կարծում է, որ ՌԴ-ն ազ­դեցություն ունի Ադրբեջանի վրա: «Ժողո­վուրդ»-ն այս առիթով զրուցեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:
 
-Պարոն Սկակով, օրեր առաջ Ադրբեջանը սպառազինության հերթական խմբա­քանակն է ստացել ՌԴ-ից: Արդյո՞ք դա հուշում է իրավիճակի սրման հավանա­կանության մասին:
 
-Դուք գիտեք, որ Ադրբեջանը մշտա­պես սպառազինվում է, դա նրա մշտական զբաղմունքն է, որի վրա ծախսվում է նրանց բյուջեի մեծ մասը: Նոր սպառազի­նություն ձեռք բերելը ոչինչ չի նշանա­կում: Կարող ենք միայն փաստել, որ Ադր­բեջանը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է Ղարաբաղյան հակամար­տությունը լուծել պատերազմի, ոչ թե խա­ղաղ ճանապարհով: Սակայն չեմ կարծում, թե հիմա հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի նման քայլի, սակայն այն, որ այդպիսի ցանկություններ մշտապես առկա են, գաղտնիք չէ:
 
-Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի դիմի նման քայլի:
 
-Քանի որ հիմա անհրաժեշտ հանգա­մանքներ չկան: Այժմ ուժերի բալանսավո­րում է առկա շնորհիվ Հայաստանին մա­տակարարված սպառազինության, դա ցուցադրվեց, և բոլորը տեսան: Երկրորդ հետ պահող հանգամանքն այն է, որ հիմա լավ են Ռուսաստանի և Թուրքիայի հա­րաբերությունները: Թուրքիան չի ցանկա­նա դրդել Ադրբեջանին՝ դիմելու ռազմա­կան գործողությունների: Բացի այդ՝ այժմ Ադրբեջանի ներսում իրավիճակը սրված չէ: Երբ ներսում դժգոհությունները շա­տանան, կարող են դիմել արկածախնդ­րության, սակայն հիմա հարաբերական հանգիստ է: Այդ պատճառով ես հիմա չեմ տեսնում ֆակտորներ, որոնք կստիպեն պատերազմել: Ալիևը հիմար չէ և հիմա չի սկսի պատերազմել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել