Ուռա-հայրենասերների վտարումը սոցցանցերից հանկարծ չբերի՞ հայրենասիրության իսպառ բացակայության նույն այդ ցանցերում: Ամեն դեպքում, հաշվի առնելով մեր ազգային հատկանիշներն ու հայրենասիրության բնագավառում ցուցաբերած դարավոր ապրումածին յուրահատկությունները՝ նման վտանգ կա. եթե չի կարելի դրսևորել ուռա-հայրենասիրություն, ուրեմն՝ առհասարակ հայրենասիրության դրսևորում չի կարելի: Ինչպես, օրինակ, եթե չես սիրում Երևանի Էրեբունի վարչական շրջանը (օրինակ), ուրեմն՝ չես սիրում ամբողջ Երևանը՝ Կասկադն ու Աբովյան փողոցը ներառյալ:
Ամեն դեպքում ես ուռա-հայրենասիրության մեջ վատ բան չեմ տեսնում: Մանավանդ հիմա, երբ ազգ-բանակ ենք դառնում (խոչընդոտներով լի ճանապարհին ենք), իսկ ազգում միշտ լինում են ամենատարբեր մարդիկ: Թող գոռան՝ ուռա, թող Բաքվում թեյ խմեն, թող Սասունի Թոնդրակ գյուղում քոչարի պարեն, ինչպես Շուշիում են պարել կամ Բեռլինում, երևի... Ե՞ւ, դրանից մեր դիրքերը պահող տղերքի հայրենասիրության մակարդա՞կն է իջնելու, ինչպես հունիսի 22-ին Երևանում ջերմաստիճանն իջավ, թե՞ մենք ենք ազգովի նետվելու Բաքու՝ չմոռանալով մոտներիս դրամը վերածել մանաթի, որ այնտեղ վճարենք թեյի համար (ի տարբերություն ադրբեջանցիների՝ մենք հո գող չե՞նք, որ չվճարենք): 100 ուռա-հայրենասերի կողքին միշտ էլ կգտնվեն տասը սովորական հայրենասերներ, կամ ինչպես Իլհամ Ալիևն է համարվում, ռացիոնալ հայրենասերներ, որոնք չեն նետվի Բաքու՝ շարունակելով այստեղ մնալով սիրել հայրենիքը, և ամենակարևորը՝ այդ հարյուրը միշտ էլ բղավելու են, սակայն անելու են այն, ինչ իրենց ասում են զուգահեռ ապրող տասը:
Ուրեմն՝ ինչո՞ւ նեղացնել բղավող մարդկանց, առավել ևս՝ ինչո՞ւ վտարել նրանց սոցցանցերից: Այդ ո՞ր երկրում նրանցից չկան, կամ այդ ո՞ր երկրում է, որ պաշտոնական տեսակետները նրանց են ասում, որ բարձրաձայնեն, քանի որ պաշտոնական տեսակետների բարձրաձայնումը, այն էլ՝ պատերազմող երկրներում, հաճախ մահացու վտանգավոր է պաշտոնների տեր մարդկանց համար:
Իհարկե, ուռա-ները պատերազմից բան չեն հասկանում, հաճախ՝ հայրենիքից էլ, քանի որ դրա սահմաններից հարյուրավոր մղոններ հեռու են ապրում, չեն կարող անգամ մեկ րոպեում ԱԿ-74 քանդել-հավաքել, ականը դնում են պահածոյացված ձկան տարայի տեղ, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ իրավունք չունեն խոսելու (և այնպես, ինչպես իրենք են կարողանում), երբ սահմանին մեր տղերքն են զոհվում, այն նույն տղերքը, որոնց միանում է ամբողջ ազգը (Գլենդեյլից-Սիդնեյ), որպեսզի ազգ-բանակ դառնա:
Իսկ մասնագետները, նկատի ունեմ՝ ռազմական գործի, այսպես կոչված պատերազմագետները, որոնք հարյուրավոր են միայն Հայաստանում, ավելի ճիշտ՝ Երևանում, բայց որոնք ավելի քիչ բան գիտեն պատերազմի մասին, քան արցախցի 14-ամյա պատանին, եթե անգամ իրենք 14 տարուց ավել է, ինչ պատերազմ են ուսումնասիրում, կարող են հանգիստ թեյ խմել իրենց տանը, շարունակելով իրենց մասնագիտական գործունեությունը: Սահմանին կանգնած մեր տղերքը անհամբեր սպասում են այդ վերլուծություններին, որ հասկանան, թե ինչ է կատարվում, տեղում չեն հասկանում, որտեղի՞ց հասկանան, իրենք հո չգիտե՞ն, թե որտեղ են գտնվում, այդ մեր մասնագետները գիտեն, թե որտեղ են նրանք գտնվում, ինչ պետք է անեն, ինչպես ու երբ:
Ու ես չգիտեմ, թե ով է ավելի վտանգավոր. շուկայում կանաչի վաճառող թրաշով Սիմո՞նը, որը կողքի բանջարեղեն վաճառողներին ամբողջ օրը կոչ է անում՝ հասնել Բաքու և այնտեղ կոտրել բոլոր թեյարանների պատուհանները, թե՞ լուրջ մասնագետ պարոն Սիմոն Սիմոնյանը, որն ամեն օր սափրվում է, ապա նստում իր համակարգչի առջև և ուսումնասիրելով սահմանին տիրող իրավիճակը՝ այդ սահմանից կիլոմետրեր հեռու գրում իր հերթական վերլուծությունն այն մասին, թե ինչ արժի թեյը Բաքվի թեյարաններում... Ամեն դեպքում կանաչի վաճառողը հասարակական կարծիք չի ձևավորում, այդքան ուժ չունի, կշիռ չունի, ունեցածը մի կշեռք է, այն էլ՝ հաճախ խաբող, իսկ մասնագետ Սիմոնյանը ձևավորում է... Ու այս Սիմոնները ազգ-բանակի միջի ազգն են, որի որդիները կանգնած են առաջնագծում, որոնց ամիսը մեկ կանաչի վաճառող հայր Սիմոնը թարմ կանաչի է ուղարկում, որ զինվոր տղերքով ուտեն, իսկ փորձագետ հայր Սիմոնը թարմ վերլուծություն է ուղարկում, որ տղերքը հասկանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել