Yerkir.am-ը գրում է.

Ցավում եմ, որ այսքան ժամանակ վատնեցինք` պաշտոնացավն այստեղ բուժելու կամ խորացնելու: Նման կերպ իր ելույթը սկսեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` ԱԺ-ում կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ: Նա նշեց, թե ուզում է ներություն խնդրել ժողովրդից, որ ԱԺ նախագահ լինելով, ունի մարդիկ, ովքեր ժողովրդի ծրագիրը, բարեկեցությունը, անվտանգությունը մի կողմ թողնելով` մտածում են` ով ինչ պաշտոն է ստանձնելու:

«Հավանական է` ինձ էլ հարցնեն, թե շարունակելու եմ 2018-ին ԱԺ նախագահի պաշտոնավարումը, և ես կարող եմ ասել` շարունակելու եմ լինել իմ ժողովրդի ծառան, և կանեմ այն, ինչ արել եմ մինչև հիմա: Կաշխատեմ այնտեղ, որտեղ պիտանի կլինեմ: Բոլորիս նպատակն է` ստեղծել զարգացած, արդար և անվտանգ պետություն, որտեղ մեր քաղքացիները կկարողանան աշխատել, ստեղծագործել ու իրականացնել իրենց երազանքները»,-ասաց Բաբլոյանը:

Ըստ նրա` նույնիսկ ամենահաջող ծրագիրը չի կարող կյանքի կոչվել, եթե դրա տողերի միջև հոգատարություն չլինի քաղաքացու նկատմամբ: ԱԺ նախագահը հավաստիացրեց, թե կարևոր է անվտանգության գործոնը, քանի որ ունենք արկածախնդիր հարևաններ, ովքեր այդպես էլ չեն հրաժարվում Արցախի հարցն ուժային ճանապարհով լուծելու մտադրությունից:

«Անվտանգ Հայաստան ասելիս` մենք կարևորում ենք ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը: Պետությունը չի կարող ամուր լինել, եթե քաղաքացին անվտանգ չէ իրեն զգում»,-ասաց Բաբլոյանը: Ըստ նրա` կառավարությունը, ներկայացնելով նոր ծրագիրը, փաստում է, որ պատրաստ է ապահովել տնտեսական աճ, ստեղծել նոր աշխատատեղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել