imagesՀայրիկյանի շուրջ բարձրացված աղմուկի մասին որոշել էի ոչ մի տառ չգրել (ընդհանրապես, Հայրիկյանի մասին ամենալավը գրում ա հենց ինքը` Հայրիկյանը), բայց կարդալով նրա վերջին՝ անարատ գրաբարով գրված հոդված-ինքնափառաբանումը (գաղտնիք չի, որ հներից ինքն ու Նարցիսն են մնացել)` փոշմանեցի…

Որ կառավարությունը Հայրիկյանի բուժման համար քսան միլիոն դրամ էր փոխանցել, ինձ ո՛չ զարմացրեց, ո՛չ ջղայնացրեց, ո՛չ էլ նույնիսկ ուշադրությունս գրավեց, մենք սովոր ենք նման բաների: Էդպիսի քսան միլիոններ շաբաթվա մեջ երկու-երեք անգամ ներդրվում են ռաբիզ երգիչների համերգները պետական մակարդակով կազմակերպելու հայրենանվեր գործի մեջ: Համ էլ վարչապետն ա, կարող ա տրամադրությունը լավ ա էղել, ասել ա` «էս քսան մանեթը վերցրեք, տարեք, մեր ախպոր թեւը փոխեք, մի հատ նորմալ սամալյոտի թեւ դրեք, մոռացե՞լ եք, որ ինքն անկախության առաջամարտիկ ա, համենայն դեպս, ինքը տենց ա ասում»:

Երեկ մի աղջիկ-ակտիվիստուհի (ինքը համ աղջիկ ա, համ ակտիվիստուհի) գրել էր` «բայց ի՞նչ վատ բան են արել, մեր անկախության կերտողին են էդ փողը տվել, Սոբչակին տուն կտան, Հայրիկյանին բուժման փող չե՞ն տա»… Ուրեմն, Սոբչակին պետությունը չի տվել էդ տունը, ինչ-որ օլիգարխ ա տվել, որն ում ինչ ուզի, կտա, էն պարզ պատճառով, որ իր գրպանից ա տալիս… Դա անցանք… Հիմա գանք անկախությանը… էդ որ ասում են անկախություն կերտող, տեսնես ի՞նչ են հասկանում… Անկախություն կերտողը ո՞րն ա… Տենց մենակ-մենակ գնաց, էդ անկախությունը կերտեց-էկա՞վ… էլ մարդ չկա՞ր… Կարո՞ղ ա էն երեք  հրացանակիրներն են հետն էղել էդ ժամանակ (ինքը մի հոգի ա, բայց երեք հրացանակիրներն էլ ինքն ա, ասում են՝ Դյումայի հոգին ահավոր մանթո ա էս վերջերս)…

Անկախությունը երկու-երեք հոգով կերտելու բան չի… Անկախություն կերտելու համար հերոսներ են պետք… Հերոսներ, որոնցից շատերի զավակները մուրացկան ու հանցագործ են դարձել, որովհետեւ մարդիկ կան, ում քսան միլիոնանոց թեւ ա պետք նվիրել…

Մեր բակում մի մարդ էր ապրում, Խորիկ էր անունը… Պատերազմի առաջին օրերին Ղարաբաղ գնաց, ամենավերջինը հետ եկավ… Մեքենա էր լվանում ու մի կերպ ապրում… Մի գիշեր մեքենայի տակ ընկավ ու մեռավ… Թաղող չուներ… Գերեզմանի տեղն էլ թաղի տղերքով առանք… Մեքենայի տակ գցողին էլ մի «կռված տղա» չթողեց, որ նստի… Էդպես էլ պիտի լիներ…

Խորիկը թեւից խփված «առաջամարտիկ» չէր, նա հաղթած պետության վերջին մոհիկանն էր, մաքուր արյան վերջին կրողը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել