Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի հանրային վայրերում գովազդային նյութերը նպատակահարմար վայրում  տեղադրելու խնդրին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է.

«Վերջին օրերին սոցցանցերում հաճախակի ենք հանդիպում արտաքին գովազդի հետ կապված մեր համաքաղաքացիների դժգոհությանը: Ակնհայտ է, որ մայրաքաղաքին նոր  լուծումներ են անհրաժեշտ, այլապես մի քանի տարի հետո շենքերի վրա անկանոն փակցված գովազդների պատճառով շենքերի իրական, ոճական լուծումներն ընդհանրապես չեն երևա: Յուրաքանչյուր շենքի համար անհրաժեշտ է մշակել գովազդների փակցման հստակ տեղերը, չափերն ու տեսակը, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ այդ շենքում գործունեություն սկսելուց առաջ իմանա, թե տվյալ հասցեում գովազդի ինչ տեսակ է թույլատրելի: Խոսքս առաջին հերթին վերաբերում է պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին: Բացի այդ, անթույլատրելի է, երբ ավագանու որոշմամբ որևէ շենքի վրա հուշատախտակ է տեղադրվում և որոշ ժամանակ անց դրա հարևանությամբ հայտնվում են ինչ-որ գովազդներ, այն էլ այնպիսի բազմությամբ, որ հուշատախտակը հազիվ է նկատվում: Ըստ այդմ, գույքագրեք այն հասցեները, որտեղ  նկատվել են շենքերի և շինությունների  ճակատային հատվածների, կամարանցումների, կիսանկուղային հարկերի արտաքին տեսքը գովազդներով անհարկի, ոչ սահմանված կարգով ծանրաբեռնելու դեպքեր և համապատասխան քայլեր ձեռնարկեք»:

Քաղաքապետը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է մշակել մայրաքաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձևաչափ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել