Պատմական գիտությունների թեկնածու

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ապրիլի 1-ից դադարեցնում է Երեւան-Ստամբուլ չվերթի իրականացումը: Իսկ մեկ օր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի քաղաքացիական գլխավոր վարչությունը սառեցրել էր ապրիլի 3-ից սկսվելիք Երեւան-Վան ուղիղ չվերթի իրականացումները: Թուրքական իշխանությունների նման քայլը կարող էր պայմանավորված լինել հիմնականում երկու գործոններով` տնտեսական և քաղաքական: Տնտեսական առումով Երևան-Վան և Երևան-Ստամբուլ ավիաչվերթների իրականացումը միանշանակ ձեռնտու էր, քանի որ բավականին մեծ թվով հայեր Թուրքիա էին այցելում ոչ միայն զբոսաշրջիկության, այլև առևտրական գործունեության նպատակով: Հետևաբար մնում է ուսումնասիրել քաղաքական դրդապատճառներն, որոնք ստիպեցին Էրդողանի կառավարությանը գնալ նման քայլի: Դեռևս ամիսներ առաջ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման դեպքում իրենք կդադարեցնեն Հայաստանի ավիաչվերթները Թուրքիայի տարածքով, իսկ վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարով հասկացնել տվեց, որ իրենք դեմ են Երևան-Վան ավիաչվերթներին: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ Թուրքիան այս քայլին դիմեց հիմա, երբ դեռևս շահագործման չի հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը: 
Այսպիսով, թուրքական իշխանությունները նման քայլով փորձում են ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա և հասկացնել, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման պարագայում իրենք կփակեն իրենց օդային տարածքը ՀՀ օդանավերի համար, ինչը կստեղծի լրացուցիչ տնտեսական խնդիրներ մեր պետության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել