BlogNews.am-ն արդեն պատմել էր ռուս հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննի երևանյան այցի մասին: Sarajyan Trainings կազմակերպության շնորհիվ հունիսի 10-ին կայացավ Մաննի սեմինարը: Մաննը ներկայացրել է հաճախորդների հետ աշխատանքի իր մոտեցումներն ու տեխնոլոգիաները, որոնց ամբողջությունը հայտնի է ББДДЧ հապավմամբ: Բիզնես սեմինարին մասնակցում էին 200-ից ավելի գործարարներ, վաճառքի տնօրեններ, մարքեթոլոգներ, PR մենեջերներ և այլն: Սա աննախադեպ միջոցառում էր թե՛ հենց Sarajyan Trainings-ի համար, թե՛ հայկական բիզնես կրթության ոլորտում:

Դեռ մեր նախորդ զրույցում Sarajyan Trainings կազմակերպության համահիմնադիր տնօրեն Լուսինե Վարդանյանը նշել էր. «Իգոր Մաննը երկրորդ անգամ է Հայաստանում: Անցյալ տարի էլ մենք կազմակերպել էինք Մաննի սեմինարը, որը մեծ արձագանք գտավ: Նման սեմինարներին հիմնականում մասնակցում են կայացած բիզնեսմեններ, մասնագետներ և կազմակերպություններ, ովքեր ուզում են իրենց բիզնեսում նոր մտքեր, նորարարություններ մտցնել: Անցյալ տարի ունեցել ենք մոտ հարյուր մասնակից: Ի դեպ՝ նրանց մոտ երեսուն տոկոսն այս տարի էլ է մասնակցում: Սա խոսում է վստահության մասին»:

Սեմինարի ընթացքում Իգոր Մաննը ներկայացրեց երեք հիմնական խնդիրների լուծման տեխնոլոգիաներ՝ ինչպես պահել հաճախորդներին, ինչպես վերադարձնել կորցրած հաճախորդներին, ինչպես մեծացնել վաճառքները ББДДЧ տեխնոլոգիայով: 

Իգոր Մաննը 15 բիզնես գրքերի հեղինակ է, բազմաթիվ հեղինակային թրեյնինգներ ունի, որոնք նա անցկացնում է ռուսալեզու բոլոր երկրներում: Նա ռուս միակ մարքեթոլոգն է, ով հանդիսանում է Ամերիկայի մարքեթինգի ասոցիացիայի անդամ: Նա նաև միակ ռուս մասնագետն է, ով ելույթ է ունեցել Ֆիլիպ Կոտլերի սեմինարին:

Գաղտնիք չէ, որ նման մեծաքանակ սեմինարը ոչ միայն գիտելիքների մեծ պաշար է, այլև նոր բիզնես ծանոթությունների հիանալի վայր: Մեկ վայրում էին հավաքվել բիզնեսի ավելի քան 200 ներկայացուցիչ: Ընդմիջումներին ակտիվ քննարկումներ էին ծավալվում, նոր գաղափարներ ծնվում: Հավանաբար շատերի համար սա զարգացման նոր հեռանկարներ բացեց:

Մի խոսքով՝ բիզնես կրթության կուլտուրան մեր երկրում զարգանում է: Սպասում ենք նոր, էլ ավելի մարդաշատ ու հետաքրքիր միջոցառումների Լուսինեի և Sarajyan Trainings-ի կողմից:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել