Yerkir.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանին այսօր սայլակով բերեցին դատարան: «Պինդ կացեք»,- դիմեց նա դահլիճում ներկա լրագրողներին:

Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով դատավարության մեկնարկից 6 ամիս անց միայն հնարավոր եղավ Շիրխանյանի համար «սայլակ» գտնել. դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ նրան չէին ներկայացնում դատական նիստերին:

Փաստաբանի խոսքով՝ ցուցում կար` նրան դատարան չբերել, որպեսզի դատավարությունը չսկսվի: «Ես կարծում եմ, որ կա ցուցում, որ դատավարությունը տարբեր պատճառներով ձգձգվի»,- ասաց նա:

Նշենք, որ նշանակված փորձաքննությամբ հիմնավորվել է, որ այս գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն ի վիճակի է մասնակցել դատավարությանը:

Այսօրվա նիստում նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը սայլակով դատարան բերված Շիրխանյանի կողմից ոտքի չկանգնելը որակել էր անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, քանի որ, ըստ նրա, փորձաքննության մեջ առկա փաստաթղթերում նշված չէ, որ նա ի վիճակի չէ կանգնել:

Անդրադառնալով դատավորի այս դիտարկմանը` Ալումյանն ասաց. «Վախենամ, որ դատավորի այդ արտահայտությունն է հենց անհարգալից վերաբերմունք արդարադատության նկատմամբ»:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել