Armenpress.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ:

Այս մասին "Արմենպրես"-ին հայտնեցին ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը և ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ոճի պատասխանատու Արսեն Բադալյանը:

"Նշված դեպքերի հետ Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի: Իրականությունը հետևյալն է. Միհրանի մեքենան տեխսպասարկման համար կայանած է եղել այդ տեխսպասարկման կետում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Իսկ այդ տեխսպասարկման կետը Միհրանի ընկերոջինն է, և նրա մեքենան հենց այդտեղ է անցել տեխսպասարկումը: Նա տեղում չի եղել. ոստիկաններն, ովքեր եկել են հետքերով պարզել են նաև, որ այդտեղ կայանված է նրա մեքենան: Միայն այսքանն է Միհրան Հարությունյանի առնչությունը այդ դեպքերին: Նա տանն է, շարունակում է բուժել վնասված ձեռքը և մոտ ապագայում կմիանա հավաքականին",-ասաց Գիլոյանը:

ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Մոսկվայում Միհրան Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց տրավմատիկ զենքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել