Գիրք, որը մեծ հնարավորություններ է տալիս մասնագետներին ու պատմաբաններին:

Վատիկանից ուղիղ Հայաստան: Սուրբ Աթոռի արխիվները դեռ երբեք այսքան մոտ չէին եղել: Հայոց ցեղասպանությանը վերաբերող վատիկանյան փաստաթղթերի յոթ հատորյակն արդեն նաեւ Հայաստանում է: 

«Այս փաստաթղերը շատ կարեւոր են հատկապես այն պատճառով, որ Ցեղասպանության ժամանակ Պապը միակն էր, որ հակազդեց, միջամտեց: Ներգրավված տերությունները, անշուշտ, բոլորն էլ տեղյակ էին` Գերմանիայի, հունգարիայի կայսրերը, Ֆրանսիայի, Միացյալ նահանգների նախագահները, բայց ոչ ոք չհակադարձեց», - ասում է Պապական արեւելագիտության ինստիտուտի եկեղեցական կոնանագիտության ամբիոնի դեկան Ժորժ Անրի Ռոյսենը: 

Հաստափոր հատորներում հավաքվել են Վատիկանի ու Պապի դիվանագիտական ջանքերի բոլոր ապացույցները: Անգլերեն, իտալերեն ու նաեւ հայերեն մի քանի փաստաթղթերը 1915 թվականի դեպքերի պաշտոնական վկայություններն են: 

«Այս հատորները ցույց են տալիս մի ամբողջ ժողովրդի մտադրված լիակատար բնաջնջումը, որն անում էին թուրքերը», - նկատում է Ժորժ Անրի Ռոյսենը:

Գրքի հեղինակը պատմաբան չէ: Բայց գիտի, թե որքան կարեւոր են այս փաստաթղթերը հայ ժողովրդի ու հայոց հարցի համար: Գիտի, թե ինչպես է բաբախում հայերի սիրտը Արարատը տեսնելիս ու Ցեղասպանություն մասին խոսելիս: Իսկ այս հատորները վկայում են, որ առնվազն մեկ պետություն` Սուրբ Աթոռը, իր ձայնն է բարձրացրել համատարած սառցե անտարբերության մեջ ու փորձել օգնել: Հեղինակը մի քանի վայրկյան մտքերն է հավաքում, որ բառացի մեջբերի այն, ինչ  Բենեդիկտոս 15-րդը Պապը գրել էր Սուլթանին. «Հոգիս պատառոտվում է այդ ժողովրդի հեծածանքներին ի լուր»:

Ժորժ Անրի Ռոյսենի յոթ հատորյակի վատիկանյան շնորհանդեսը երկու տարի առաջ էր՝ 2015 թվականին, Վատիկանում: Երկու տարի անց Վատիկանում Հայաստանի դեսպանության հրավերով, գրքերը ներկայացվում են հայ մասնագետներին ու պատմաբաններին: Երկու հատորում հավաքված են 1894-96 թվականների դեպքերի վկայությունները: Մյուս հինգ հատորները 1908-30-ական թվականների փաստաթղթերն են, ու հատկապես` 1915-18 թվականների: Այս տարիներին Բենեդիկտոս 15-րդ Պապն ակտիվ նամակագրության մեջ էր բոլոր կողմերի հետ: 

Հայ ժողովրդի բնաջնջումը կասեցնելու` Բենեդիկտոս 15-րդի ջանքերը հիշեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը` 2015 թվականին, Սուրբ Աթոռում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ: 

Սա գիրք է ոչ բոլորի համար, այն մեծ հնարավորություններ է տալիս մասնագետներին ու պատմաբաններին: Ինքը` հեղինակն իր աշխատությունն անվանում է մեծ փազլի եւս մեկ կտոր: Ու մեջբերում ամբողջական հատվածներ այն նամակներից, որոնք գրում ու ստանում էր Բենեդիկտոս 15-րդ Պապը: Մի նամակում մոնսինյոր Դոլչեն Պապին մանրամասն նկարագրում է 1915 թվականի իրադարձությունները: 

«Բնաջնջում է, որոշները կոտորվել են, որոշները մահացել են սովից, ճանապարհին: Շատ հայ մայրեր վաճառել են իրենց երեխաներին` նրանց մահից փրկելու համար», - մասնավորապես գրված է Մոնսինյոր Դոլչեի նամակում: 

«Սրանք փաստաթղթեր են, որոնք պետք է գործածել հենց բնագրով` հավաստիությունը պահելու համար: Կարելի է թարգմանել որոշ կտորներ, բայց ամբոջական թարգամանությունը իմաստ չունի, քանի որ կարող են ասել` այս նամակը սխալ եք թարգմանել», - նշում է Պապական արեւելագիտության ինստիտուտի եկեղեցական կոնանագիտության ամբիոնի դեկանը:

«Հայոց հարցը» յոթ հատորյակի հեղինակը նամակ առ նամակ է հիշում է, ով, ում գրեց, ինչպես արտահայտվեց 15 թվականի դեպքերի մասին: Բայց բացառիկ ու հույժ կարեւոր համարում է հատկապես Պապի երկու նամակները Սուլթանին:

«Հայոց ցեղասպանության դեմ բողոքը, մարդասիրական օգնությունը, ջանքերը ապարդյուն են, ամբողջովին անօգուտ, եթե միջազգային հանրությունը չճանաչի Հայաստանի անկախությունը», - Բենեդիկտոս 15-րդ Պապի խոսքերն է մեջբերում Ժորժ Անրի Ռոյսենը:

Վերջում, Պապական արեւելագիտության ինստիտուտի դեկանը հատուկ առաջարկ ու հորդոր ունի հայ պատմաբաններին ու ցեղասպանագետներին` Վատիկանի արխիվները բաց են ուսումնասիրման համար: Այս յոթ հատորներով չեն սպառվում վկայություններն ու կարեւոր փաստաթղթերը. գնացեք, ուսումնասիրեք, հատկապես, որ քիչ չեն նաեւ հայերեն արխիվային վկայությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել