Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվելYerkir.am-ը գրում է.
 Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը նոր մեղադրական եզրակացություն է ընդունել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Ajanshaber.com» լրատվական կայքի՝ մեղադրական եզրակացության մեջ կասկածյալների ցուցակում են հայտնվել գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները համարում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնող, Գերմանիայում ապաստանած նախկին դատախազ Զեքերյա Օզը, ով նույնպես մեղադրվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ, ինչպես նաև ժանդարմերիայի մի շարք պաշտոնյաներ:

14-րդ դատարանը բավարարել է նաև այս նոր եզրակացությունը հիմնական գործին կցելու` դատախազության պահանջը:

Ավելի վաղ նույն դատարանը 2 անգամ մերժել էր ընդունել մեղադրական եզրակացությունը՝ դրանում առկա թերությունների պատճառով:

Նշենք, որ 3-րդ փորձից ընդունված եզրակացության մեջ գործով անցնող կասկածյալների զգալի մասը համարվում են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված գյուլենական կազմակերպությունների անդամներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել