Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բրյուսելյան հանդիպումից առաջ անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա գերմանական պատգամավորների մուտքը արգելելու հարցին՝ հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

«Այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները գերմանացի պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա, մեզ կարող է ստիպել լքել այդ ռազմաբազան»,- ասել է Գերմանիայի վարչապետը:

«Ես այս ամենը բացահայտ ասելու եմ Էրդողանին, քանի որ մենք ունենք խորհրդարանական բանակ: Մեր պատգամավորները պետք է այցելեն մեր զինվորներին: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք լքել Ինջիրլիքը: Այցելությունները  գերմանական բանակի գործունեության համար շատ կարևոր են»,- հավելել է Մերկելը:

Էրդողանն էլ բրյուսելյան այցից առաջ խոսելով այս թեմայից, ասել էր, որ եթե գերմանացիները որոշեն լքել ռազմաբազան, ապա դա Թուրքիայի համար կարևոր խնդիր չի ստեղծի:

«Եթե նրանք ցանկանան լքել ռազմաբազան, դա մեզ համար լուրջ խնդիր չի ստեղծի, մենք միայն կասենք ցտեսություն և վերջ»,- ասել էր Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել