Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն. Էդվարդ Նալբանդյան

Մայիսի 23-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ պատվիրակությունը գլխավորել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Հայաստանի պատվիրակության կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

Կողմերն անդրադարձել են Համագործակցության խորհրդի նախորդ նիստից հետո արձանագրված ձեռքբերումներին:

Հանգամանալից քննարկում  է ծավալվել Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ քաղաքական երկխոսություն, առևտրի և ոլորտային համագործակցություն, մարդու իրավունքներ, շարժունակություն, բարեփոխումների գործընթաց: Խորհրդի նիստին մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության 2017-2020 թթ. առաջնահերթությունների շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում բարձր մակարդակի փոխայցերին, Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ արդյունավետ բանակցություններին, ԵՄ տարբեր ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:

Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս է հայտնվել որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:

Անդրադարձ է կատարվել վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին, այդ թվում COSME և Հորիզոն 2020 ծրագրերին միանալը, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ մեկնարկած բանակցություններին:

Ընդգծվել է Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես  ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել