Հատված իր նմանը չունեցող պատմահայրենասիրական, բարոյադաստիարակչական «Շառավիղ» նորաստեղծ տպագիր ամսաթերթից

Շտապեք, կյանքը կողքով է անցնում...
Ո՞րն է իրական հարստությունը, ո՞վ է իրականում հարուստ ու երջանիկ:

«Մի՞թե սա է ամենը», - հոգոց է հանում նյութական անհամար բարիքներ ունեցողը: Մարդը, ով արդեն ամեն ինչ ունի, ինչի մասին երազել է, զգում է ինչ-որ տարօրինակ դատարկություն, և վրա է հասնում հիասթափությունը:
Սա սովորական խնդիր չէ, և այն գնալով ավելի է խորանում: Օրինակ՝ ամերիկացիներն այժմ ավելի երկար են ապրում, նրանց կյանքի մակարդակն ավելի բարձր է, բայց գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի բնակիչներն անբավարարվածություն են զգում իրենց կյանքից:
Մարդն իր բնույթով անհագ է: Երիտասարդ տարիներին ձգտում ենք հարստության, փառքի, սեփական ցանկություններն իրագործելու: Բայց հնարավո՞ր է պատկերացնել միլիոնավոր դոլարներ ունեցող չեմպիոնի, ով չի երազում ևս մեկ ռեկորդ սահմանել, հարուստ մի գրողի, ով չի ցանկանում ավելի լավ գիրք գրել, կամ գործարարի, ով չի այրվում մեկ հաջող գործարք ևս կնքելու կամ հերթական բանկային միությունը ստեղծելու ցանկությամբ: Իսկ պատանիներից ո՞վ է գոհ ու բավարարված իր արտաքինով, հագուստով, նյութական վիճակով:
Դժվարություններով և նյարդային լարվածությամբ լի ժամանակակից կյանքում մարդիկ այնքան հաճախ են ընկճվածություն ու հիասթափություն ապրում, ցավ ու անապահովություն զգում, որ գայթակղություն են ունենում փոխանակելու իրենց առողջությունը և անգամ կյանքն այն ամենի հետ, ինչը իրենց կբերի գոնե ժամանակավոր անդորր: «Շտապեք, կյանքը կողքով է անցնում, - ներշնչում են նրանց: - Հետևեք ձեր զգացմունքներին և ցանկություններին, բաց մի թողեք ձեր հնարավորությունը»:
Անհույս ալկոհոլամոլների կողքին կան նաև մեծ թվով այսպես կոչված «ծածուկ» հարբեցողներ: Նրանք փողոցում ընկած չեն, որովհետև ծառայողական կամ անձնական մեքենայով նրանց ուղիղ տուն են հասցնում: Կան նաև պատկառելի մարդիկ, ովքեր հաբեր են կուլ տալիս, որպեսզի խլացնեն ամայության և դատարկության զգացումը իրենց հոգում: Բայց կյանքի ուրախությունը և հոգու խաղաղությունը չեն վաճառվում դեղատանը և շշի հատակին չեն: Հիմա շատերն են այդ հարցը տալիս, թե որտեղ են դրանք: 
Աստված յուրաքանչյուրիս սրտում դրել է փափագ Իր հանդեպ, և քանի դեռ այդ տեղը դատարկ է մնում, մնում է և հոգու դատարկության զգացողությունը:

...Մի շատ հարուստ մարդ որոշեց կրտսեր որդու հետ շրջել գյուղում` ցույց տալու երեխային, թե որքան աղքատ կարող են լինել մարդիկ: Նրանք մեկ օր ու գիշեր անցկացրին ֆերմայում` շատ աղքատ մի ընտանիքում: Վերադառնալով տուն` հայրը որդուն հարցրեց, թե արդյոք նրան դուր եկավ ճանապարհորդությունը:
- Հիասքանչ էր, հայրիկ, - պատասխանեց որդին:
-Եվ ի՞նչը քեզ այդքան գրավեց, ի՞նչ հասկացար այդ ճամփորդությունից, - զարմացավ հայրը:
-Ես տեսա, որ տանը մենք միայն մեկ շուն ունենք, իսկ նրանք` միանգամից չորսը, մենք այգում լողավազան ունենք, իսկ նրանք` մի ամբողջ ծովախորշ, որտեղից տեսանելի է անծայրածիր ծովը: Մենք մեր այգին գիշերը լուսավորում ենք լամպերով, իսկ նրանց լուսավորում են աստղերը:
Հայրը որդու պատասխանից ապշեց, իսկ որդին անմիջապես վրա բերեց.

-Շնորհակալություն, հայրիկ, որ ինձ ցույց տվեցիր, թե որքան հարուստ կարող են լինել մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել