Ընտրությունների դերը անցումային փուլում գտնվող երկրների, այդ թվում` ՀՀ համար բազմակի անգամ ավելի մեծ է: Ճիշտ է, դժվար է նաև որոշել, թե այդ անցումային փուլը ժամանակային առումով որքան է, և արդյոք մեր երկիրը դեռ այդ փուլում է գտնվում, թե ոչ: Բայց և այնպես ՀՀ-ում այդպես էլ չի ձևավորվում ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման ավանդույթ, ավելին` ընտրությունները շարունակաբար կեղծվում են, իսկ դրանց կեղծման հնարքներն ու մեթոդները` կատարելագործվում: Թեև հասարակության մեջ կա մի հատված (հիմնականում իշխանական քաղաքական թևի ներկայացուցիչներ, և որոնք ըստ էության գիտակցում են, որ ինքնախաբեությամբ են զբաղվում), ովքեր մշտապես հայտարարում են, թե ընտրություններն ազատ և արդար էին կամ էլ մեկ քայլ առաջ նախորդ ընտրություններից և թեև ընտրությունների կեղծումը մեր իրականության մեջ վերածվել է հանրահայտ փաստի ու էստ էության ապացուցման կարիք էլ չունի, սակայն դրանում համոզվելու համար բավական է ընդամենը գիտական մի պարզ դիտարկում անել: Այսպես` իրեն ժողովրդավարական հռչակած ցանկացած երկրում, այդ թվում` ՀՀ-ում ընտրությունները պետք է կատարեն 3 հիմնական ֆունկցիաներ. Առաջինը դա ընտրությունների միջոցով ձևավորված իշխանության լեգիտիմացումն է, այսինքն` ընտրության միջոցով ձևավորված իշխանությունը կամ իշխանության եկած անձինք պետք է վայելեն ժողովրդի մեծ մասի վստահությունը, հենվեն այդ վստահության վրա և դրա ուժով իշխանություն իրականացնեն: Պետք է փաստել, որ ՀՀ-ում գրեթե միշտ ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժերը կան անհատները ունեցել են այդ վստահության, լեգիտիմության պակասը: Այս պատկերը առկա է նաև վերջին նախագահական ընտրություններից հետո: Բնականաբար, այդպիսի իշխանությունը լեգիտիմ և օրինական համարվել չի կարող: Այս թեզը ապացուցվում է նաև այն փաստով, որ ընտրություններից հետո անցկացվող տարբեր հարցումների արդյունքով հասարակության 70-80 տոկոսը ընտրության աըդյունքներն արժանահավատ չի համարում: Ստացվում է, որ ձևավորված իշխանությունը կեղծված ընտրությունների հետևանք է, այլ կերպ ասած` կեղծված ընտրությունները չեն կարող լեգիտիմացնել իշխանությանը: Նրանք, ընդհակառակը` ժողովրդավարական շղարշ են ստեղծում այս կամ այն անձանց կամ նրանց խմբի համար` զավթելու իշխանությունը: Սա էլ, բնական է, որ չի կարող չազդել երկրի հետագա զարգացման վրա: 
Ընտրությունների երկրորդ կարևոր ֆունկցիան դա հասարակության մեջ առկա քաղաքական կոնֆլիկտների լուծումն է: Սակայն, ցավոք սրտի, ՀՀ-ում ընտրությունները այդ կոնֆլիկտները լուծելու միջոցից վեր են ածվում քաղաքական կոնֆլիկտ ստեղծող ինստիտուտի, երբ հասարակությունը բաժանվում է երկու կամ ավելի խմբերի, որոնց միջև կոնֆլիկտները դուրս են գալիս փողոց և երբեմն անգամ լուծվում են ուժային կամ այլ մեթոդներով: Այսպիսի իրավիճակը ևս վկայում է կեծված ընտրությունների մասին: ՀՀ-ում գրեթե միշտ, այդ թվում` վերջին նախագահական ընտրություններից հետո ի հայտ է եկել այսպիսի կոնֆլիկտ, և միշտ ժողովրդի լայն զանգվածները դուրս են եկել փողոց: 
ՀՀ-ում ընտրությունները չեն կատարում նաև իրենց երրորդ ֆունկցիան, այն է` հասարակության քաաքական էլիտայի սելեկցիա: Ընտրությունների միջոցով իշխանության են գալիս մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով, աշխարհայացքով, ղեկավարելու ունակությամբ ոչ մի պարագայում չեն կարող կոչվել քաաքական էլիտա: Որպես հետևանք իշխանության են գալիս քրեաօլիգարխիկ տարրերի ներկայացուցիչնեն, ինչպես նաև տարբեր մականունավոր հեղինակություններ: Այսպիսին կարող է լինել իրավիճակը միայն կեղծված ընտրություններից հետո:
Այսպիսով կարող ենք փաստել, որ ՀՀ-ում ընտրությունները ոչ միայն չեն կատարում իրենց ֆունկցիաները, այլև բացարձակապես հակառակ ազդեցությունն են թողնում: Իսկ սա լրիվ բավական է պնդելու համար, որ մեր երկրում ընտրությունները պարբերաբար կեղծվում են: Այս իրավիճակից լուծումներն երկուսն են` կամ հրաժարվել ընտրական ճանապարհով իշխանություն ձևավորելու պրակտիկայից կամ էլ արմատախիլ անել այն համակարգը, որի գործադրմամբ մշտապես կեղծվում են ընտրությունները և ձևավորել այնպիսի համակարգ ու ավանդույթ, որի պայմաններում կապահովվի ազատ և արդար ընտությունների անցկացումը: Ես կողմնակից եմ երկրորդ տարբերակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել