Շուրջ երկու տարի քննարկվող ու մինչև էկրան բարձրանալն արդեն իսկ աղմուկ հանած հոլիվուդյան «Խոստումը» վերջապես Հայաստանում է: Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Ու մինչ ապրիլի 27-ին Հայաստանում ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ, ապրիլի 24-ին լրագրողների համար Մոսկվա կինոթատրոնում կազմակերպվել էր փակ ցուցադրություն, որին ներկա է եղել նաև BlogNews.am-ը:

Թե որքանով է ֆիլմը կինեմատոգրաֆի տեսանկյունից ճիշտ ու սցենարային և ռեժիսուրական առումով գրագետ և պրոֆեսիոնալ, թողնենք մասնագետներին: Այսօր կփորձենք վերլուծել ֆիլմը շարքային կինոսերի աչքերով, ում համար լավ կինո դիտելը ոչ թե մասնագիտական պրոցես է, այլ ժամանց:

Ամենասկզբում ասեմ՝ եթե Դուք ևս մի քանի անգամ դիտել եք ու գրեթե անգիր հիշում եք Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկը», ապա «Խոստումը» դիտելու ընթացքում սկզբից մինչև վերջ դեժավյուի զգացողությունը չի լքի Ձեզ: Խոսքը ոչ միայն գրեթե կրկնվող տեսարանների, այլ նաև սյուժեի ու սցենարական լուծումների մասին է: Ֆիլմի սկզբի տեսարանները դիտելիս տպավորություն է, որ իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե բռնատիրական ու մահմեդական Օսմանյան կայսրությունում, այլ եվրոպական քաղաքակիրթ մի միջավայրում, որտեղ հայերը երջանիկ են ու հարուստ և թուրքերի հետ ապրում են հաշտ ու մերված: Այնինչ այն ժամանակահատվածը, որը նկարագրված է ֆիլմում, հայ-թուրքական ակնհայտ բախումների ու ֆիդայական պայքարի ժամանակաշրջանն էր:

Ֆիլմում հայ ընտանիքը ներկայացված է ավանդական ու ազնվատոհմ. մայրը հարգված է, կինը՝ գնահատված, երեխաները՝ սիրված: Սիրային եռանկյունու վրա կառուցված սցենարի հիմքում հարաբերություններ են, որտեղ առավելապես գերիշխում է զիջողականությունն ու հանդուրժողականությունն, ու ակամայից սկսում ես կասկածել՝ արդյո՞ք այս երեքի միջև սիրային պայքար է, թե՞ ընկերություն: Հասկանալի է, որ ֆիլմի ուղերձն ու ասելիքն այլ է, որ հիմնական թեմայից շեղվելու ժամանակ ու նպատակ չկա, սակայն այստեղ արդեն կերպարների ընկալման խնդիր է առաջանում:

   

Եթե խոսենք ֆիլմի կերպարներից, ապա ֆիլմի ռեժիսորը լավագույն ու ամենավեհ հատկանիշներով օժտել է թուրք ուսանողին, ով Միքայելի ընկերն է: Վեհանձն ու ազնիվ կերպար է նաև ամերիկացի ֆոտոլրագրող Քրիս Մայերսը, ով սկզբունքային է մասնագիտության մեջ, բայց ոչ անձնական կյանքին առնչվող իրավիճակներում: Քրիսին մարմնավորել է դերասան Քրիստիան Բեյլը, ում դերասանական խաղն է, որ շատ տեսարաններում ուղղակի փրկում է կանացի գլխավոր դերակատարին՝ Աննային մարմնավորած Շարլոտ լը Բոնին:

Ֆիլմի գլխավոր կերպարին՝ Միքայելին մարմնավորած Օսկար Այզեքի դերասանական խաղը համոզիչ է: Միքայելի կերպարը հաստատ ասպետական չէ: Նախ՝ նա ամուսնանում է հաշվարկով, որպեսզի կնոջ օժիտն օգտագործի իր կրթության համար, ապա դավաճանում է Մարալին ազնվական ու բարձրաշխարհիկ ծագումով նկարչուհի Աննայի հետ ու ասես ոչ մի մեղք չգործած՝ կրկին վերադառնում է կնոջ մոտ: Իհարկե, նա դա անում է մոր ճնշումների ազդեցության տակ, ինչն էլ մեկ անգամ ևս ընդգծում է Միքայելի ոչ ըմբոստ լինելը: Հայ տղամարդու վեհ ու պայքարող կերպարի մարմնավորում չէ Միքայելը: Նա պարզապես մարդ է՝ իր բոլոր թերություններով ու մարդկային թուլություններով հանդերձ: Ասել, որ այս ֆիլմում Միքայելը մարմնավորում է հավաքական հային, սխալ կլինի: Ու թերևս հենց սա էլ եղել է ֆիլմը ստեղծողների գերխնդիրը՝ հային ներկայացնել ոչ թե այնպիսին, ինչպիսին նրան ճանաչում են միայն հայերը, այլ այնպիսին, որ կերպարն ընկալվի ու հասկանալի լինի նաև օտարազգիների համար:

Իսկ հիմա այն բոլոր առավելությունների մասին, հանուն որոնց այս ֆիլմը, միանշանակ, արժե դիտել:

Նախ՝ ֆիլմի դեկորացիաների մասին: Դրանք շքեղ են ու համոզիչ. թվում է՝ այդ ժամանակներից մնացած ինչ-որ շինությունում են տեղի ունեցել նկարահանումները:

Ֆիլմի կոստյումների մասին. ասել, որ հանդերձարարները լավ են աշխատել այս ֆիլմում, շատ քիչ կլինի: Թե՛ տարազները և թե՛ աշխարհիկ հագուստները շատ գեղեցիկ են ներկայացված, գուցե մի փոքր ավելի գեղեցիկ, քան դրանք պետք է լինեն, սակայն պետք է հիշենք, որ ֆիլմի էսթետիկ պատկերի խնդիրը մեծամասամբ հենց հագուստներն ու դեկորացիաներն են ապահովում:

Ֆիլմի մոնտաժային ողջ աշխատանքը եթե գնահատելու լինենք հինգբալանի համակարգով, ապա, միանշանակ, գերազանց: Ամեն ինչ արված է ճիշտ, մաքուր, գրագետ, հոլիվուդյան կինոյի բոլոր ստանդարտներին համարժեք: Որքանո՞վ է այս պատմության մեջ Ցեղասպանության թեման լիարժեք մատուցված, դա ևս մասնագետների քննարկման հարցն է, սակայն այնպիսի տպավորություն է, որ սովորական կինոդիտողի համար, եթե նա տեղյակ չէ Հայոց ցեղասպանության պատմությանը, ամեն ինչ կտրուկ ու միանգամից կլինի: Մուսա լեռան հերոսամարտի մասին տեսարաններում լավ ընդգծված է հայի մաքառող ոգին, ապրելու կամքն, ու մենք տեսնում ենք ոչ թե նահանջող, այլ իր հողի, իր ապրելու իրավունքի համար պայքարող հային՝ ուժեղ, անձնուրաց, համարձակ, պատվախնդիր:

Բռնության առանձնապես ծանր ու դաժան տեսարաններ այս ֆիլմում, ի տարբերություն Ցեղասպանության մասին նկարված նախորդ ֆիլմերի, չես տեսնի: Մենք տեսնում ենք այն ողբերգությունը, որն ապրում է հայն այդ օրերին, սակայն դա արվում է բավականին կոռեկտ, առանց կեղեքիչ ու ցավոտ տեսարանների՝ ֆիլմը դիտողի համար տողատակ թողնելով:

Ֆիլմի ամենացնցող ու հանճարեղ տեսարաններից մի քանիսն իսկապես արժանի են լավագույն գնահատանքի: Միայն Միքայելի մասնակցությամբ գնացքի ու անձրևի, գետափին Մարալին գտնելու, և հայ մտավորականների, այդ թվում և՝ Կոմիտաս վարդապետի՝ թուրքական բանակի դահիճների առաջ ծնկած տեսարաներն արդեն բավական են, որպեսզի այս ֆիլմը հիշվի, ընդ որում՝ հիշվի ընդմիշտ:

 

Երաժշտական ձևավորման առումով ֆիլմն անթերի է: Ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն հանճարեղ Սերժ Թանկյանն է, ով նպաստել է ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի ժամանակակից ներկայացմանը: Տեսարաններից մեկում Կոմիտասի «Պատարագից» հատված է հնչում «Հովեր» կամերային երգչախմբի սեպտետի կատարմամբ: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

Եթե ի մի բերելու լինենք «Խոստումի» բովանդակությունը մի քանի բառով, ապա մոտավորապես այսպես կստացվի. սա ֆիլմ է ոչ թե ցեղասպանված, այլ վերապրած և ուժեղ հայի մասին: Իսկ այս մոտեցումն այսօր առաջնահերթ ու կարևոր է նախ մեր հասարակության, նոր սերնդի հայի համար, ով այլևս իրավունք չունի աշխարհին նայելու մորթվածի ու տառապածի աչքերով: Հայն աշխարհին այսօր նայում է որպես պահանջատեր, ու նա կարիք ունի ոչ թե ցավակցության, այլ փոխհատուցման, ոչ թե կարեկցանքի, այլ հավասարը հավասարի հետ տեղի ունեցածը քննարկելու ու պատմության սխալ ընթացքը ճիշտ հունի մեջ դնելու: Ու որքան էլ որ մենք հիմա խոսենք «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական կազմի աշխատանքից, դերասանական խաղից, ռեժիսուրական աշխատանքից, պետք է հիշենք, որ այն իր գլխավոր ասելիքով արդեն իսկ արժանի է նրան, որ լավ ֆիլմ համարվի: Սա ֆիլմ է, որը ոչ թե ակնկալիք, այլ ասելիք ունի, ֆիլմ, որի համար, միանշանակ, պետք է շնորհակալ լինել այն ստեղծողներին ու հատկապես ֆիլմի գաղափարի, և նրա ստեղծման համար ոչինչ չխնայած մեծանուն հայ Քըրք Քըրքորյանին:

 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել