Asekose.am-ը գրում է.
 Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 8-ին` «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգի օրը, տրվել է «Reincarnation» բարեգործական հիմնադրամի մեկնարկը: Այս առիթով Ռոլանդ Գասպարյանը Asekose.am-ին  ասել էր, որ այդ ձևով սկիզբ է դրվելու իրենց կողմից իրականացվելիք բարեգործությանը:  
 Ռոլանդ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  «Reincarnation» բարեգործական հիմնադրամն արդեն սկսել է իր աշխատանքները:

«Մարտի 8-ից տրվել է հիմնադրամի պաշտոնական մեկնարկը, սակայն պետք է նշել, որ մեր մենահամերգն արդեն իսկ սկիզբ առած գործի շարունակությունն էր, ինչպես նաև  համերգի հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով: Առաջին ծրագիրն իրականացնելու նպատակով սկսել էինք շրջել մարզերով և հասկանալ, թե երաժշտական դպրոցներն ինչի կարիք ունեն»,- Asekose.am-ի ասաց «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ  հիմնադրամը բարեգործական նպատակներով արդեն եղել է  Վայքում,  Չարենցավանում, ինչպես նաև այլ քաղաքներում:

«Շատ այլ վայրերում էլ ենք եղել, որոնց մասին շուտով կտեղեկացնենք: Օրինակ` Վայքի երաժշտական դպրոցն ամենից շատ ունի ռոյալի կարիք: Սակայն այդքանով խնդիրները չեն ավարտվում, բացի այդ կան նաև այլ մանր թվացող բաներ, որոնք աշխատակիցներին փաստի դիմաց են կանգնեցնում: Շատ դպրոցներ ունեն ջեռուցման կարիք, ինչպես նաև շատ երեխաներ չեն կարողանում  հաճախել երաժշտական դպրոցներ, որովհետև կա տրանստպորտի խնդիր: Պետք է այս առումով մեքենաներ հատկացվեն, որոնք գյուղերում բնակվող երեխաներին կտեղափոխեն դպրոց: Մենք պետք է փորձենք բոլոր խնդիրները լուծել ինչպես երաժշտական գործիքների, այնպես էլ ջեռուցման հետ կապված և ոչ միայն: Այս պահին փորձում ենք լուծել դեռևս առաջնային խնդիրները: Համոզված եմ, որ շատ մարդիկ կան, ովքեր մեզ կօգնեն լուծելու այդ խնդիրները»:

Ռոլանդի խոսքով` իրենք զգում են, որ երեխաներն իսկապես ոգևորված են, սակայն այսքանով լավ նորությունները չեն ավարտվում.

«Մի երազանք ունեմ, որն այս տարի կիրականանա. «Reincarnation» Studio-ն անվճար կձայանգրի այն, հայ արտիստներին, ովքեր ունեն տաղանդ, սակայն չունեն ձայնագրվելու, գործիքների, փորձասենյակների և այլ նմանատիպ բաների հնարավորություն» : Իսկ «House of Reincarnation»-ը լինելու մի ամբողջ արվեստի կենտրոն, որտեղ արտիստներն ինչպես հանդես գալու,  այնպես էլ փորձեր իրականացնելու հնարավորություն կունենան և ոչ միայն»:

Զրույցի վերջում էլ մեր այն հարցին` արդյո՞ք վերջին իրադարձություններով պայմանավորված` լարվածությունը խմբի հանդեպ անցել է, թե ոչ, Ռոլանդ Գասպարյանը պատասխանեց հետևյալ ձևով.

«Ես նման բաների ժամանակ չունեմ, զբաղվածություն թույլ չի տալիս: Մեզ մոտ միշտ ամեն բան լավ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել