Asekose.am-ը գրում է.
Asekose.am-ը զրուցել է երիտասարդ դերասան Գրեգ Ամատունու հետ, ով այս պահին նկարահանվում է Հրաչ Քեշիշյանի «Եղնիկների կածանը» գեղարվեստական ֆիլմում:

Զրույցի սկզբում նախ Գրեգը պատմեց իր կրթության մասին և մանրամասնեց, թե ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել իր դերասանական գործունեությունը.

«Ամեն բան սկսվել է դեռևս 7 տարի առաջ՝ 2010թ.-ից: Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժինը՝ Արմեն Խանդիկյանի արվեստանոցը»,- պատմեց Գրեգը:

Ինչպես նշեց վերջինս, որպես իր առաջին նկարահանում` հիշում է «Կարգին հաղորդումը», որտեղ բացի ծրագրի ադմինիստրատոր աշխատելուց, ժամանակ առ ժամանակ նկարահանվել է նաև սքեթչերում, իսկ արդեն 2012թ. մասնակցել է Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացրած «Դեպի կինո» դերասանական մրցույթին, որտեղ, զբաղեցնելով առաջին հորիզոնականը, ստացել է գլխավոր մրցանակը` ուսում Հոլիվուդում:

««Դեպի կինո» մրցույթն ինձ հնարավորություն տվեց ուսում ստանալ Հոլիվուդում: Այդպիսով, 2013թ.-ն 6 շաբաթյա թրեյնինգ անցա հայտնի ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Էնթոնի Մեինդլսի (Anthony Meindls) դերասանական արվեստանոցում: Նշեմ, որ թրեյնինգի ավարտից հետո հավաստագիր ստացա անձամբ Էնթոնիի կողմից»,- շեշտեց Գրեգ Ամատունին:

Հարցին, թե մասնագիտական առումով ի՞նչ հնարավորություններ է ընձեռնել իրեն Հոլիվուդում ուսում ստանալը և թե արդյո՞ք այդ հնարավորությունները էապես են տարբերվում Հայաստանում ստացած գիտելիքներից, Գրեգը նկատեց.

«Պետք է ասեմ, որ իրականում այնտեղ հեծանիվ չեն հորինել: Պարապմունքների ընթացքում խոսում էինք Չեխովից, Լի Ստրասբերգից, Ստանիսլավսկիից և այլն: Բայց ինչ խոսք, այդ  մի քանի շաբաթվա թրեյնինգն ավելին էր, քան կարող էր լինել մեզ համար: Հենց նման պարապմունքներն են «քարից դերասան քանդակում»: Պատկերացրեք, ամբողջ օրվա ընթացքում մեր հանգստի համար նախատեսված էր ընդամենը 10 րոպե: Իրականում, լինելով այնտեղ, ես համոզվեցի, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա, պետք է միայն ցանկություն ունենալ հասնելու ինչ-որ բանի»,- նշեց երիտասարդ դերասանը՝ ավելացնելով, որ այդ ընթացքում հնարավորություն է ունեցել խաղալ տարբեր ներկայացումներում:

Գրեգը պատմեց, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո առաջարկ է ստացել նկարահանվել Մերի Աղաջանյանի «Երկինքներից վերև» կարճամետրաժ ֆիլմում.

«Այս ֆիլմը հենց այն էր, ինչ ես փնտրում էի: Այն բարձր էր թե իր որակով և թե մարդկանց մտածելու տեղիք տվող իր սցենարով և որ, ամենակարևորը, այն ոչ հումորային ժանրի և ոչ էլ կոմերցիոն բնույթ ունեցող ֆիմլ էր»,- ասաց Գրեգ Ամատունին:

Խոսելով իր ներկայիս գործունեության մասին՝ Գրեգը պատմեց «Եղնիկների կածանը» ֆիլմի և տվյալ ֆիլմում մարմնավորած իր կերպարի՝ Արտաշեսի մասին.

«Այն 20 մասանոց գեղարվեստական ֆիլմ է` միստիկական-ռազմական դրամա։ Առնչվում է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող երկու տարիներին։ Կոնկրետ այս ֆիլմում իմ միակ խաղընկերը Խորեն Լևոնյանն է, բոլոր այն տեսարանները, որոնցում ներգրաված եմ, Խորենի հետ են»,- պատմեց Գրեգը՝ անդրադառնալով նաև իր և Խորենի համագործակցությանը.

«Նկարահանման առաջին իսկ րոպեից, երբ Խորենն իմացավ, որ ես եմ Արտաշեսի կերպարում, ժպտալով ասաց. «Այ տղա, որտե՞ղ ես տեսել չսափրված զինվոր»: Ասացի՝ դե պատերազմ է, կարող է և մորուք լինել, ասաց՝ ոչ, չի կարող)): Հավատացեք, Դիլիջան հասնելուն պես նա կազմակերպեց սափրվելուս գործընթացը, նույնիսկ անձամբ օգնեց ինձ, գնաց և ջուր բերեց: Չգիտեմ անգամ, թե ինչպես նկարագրեմ Խորենի հոգատարությունը: Հենց այդ քայլն էր, որ ավելի հեշտացրեց մեր համատեղ աշխատանքը»,- պատմեց Գրեգը՝ ավելացնելով. «Նկարահանման հրապարակում մթնոլորտն արդեն այնպիսին էր, որ ես պատրաստ էի հաճույքով կյանքս տալ Խորենի կյանքի համար: Իսկ ինձ համար էլ ավելի հաճելի էր զգալ նաև հակառակը: Խորենի դեպքում ես խնդիր չունեի լավ խաղընկեր ունենալու, ինչից էլ, բնականաբար, կախված էր իմ խաղի 50%-ը: Երբ Խորենից լսեցի «Ապրես, Գրեգ ջան» խոսքերը, հասկացա, որ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան ես սպասում էի»,- նշեց դերասանը:

Ի դեպ՝ ավելացնենք, որ «Եղնիկների կածանը» ֆիլմը կիսով չափ հիմնված է իրական դեպքերի և պատերազմական իրադարձությունների վրա։ Այն հայ զինվորականի` օդաչուի մասին է։ Հիմքում իրական իրադարձություններ են, սակայն բոլոր կերպարները և հետագա զարգացումները հորինված են։ 

Զրույցի ընթացքում դերասանը անդրադարձավ նաև ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանին՝ շնորհակալություն հայտնելով նրան վստահության համար.

«Շնորհակալ եմ նաև Հրաչին նույն հոգատարության և վստահության համար: Նկարահանումների ընթացքում փորձում էի հնարավորինս չհիասթափեցնել նրան, քանի որ Արտաշեսի կերպարում շատ պատահական եմ ընտրվել: Մի օր երեկոյան ուշ փողոցում պատահաբար մոտեցա Հրաչին և ասացի, որ ցանկություն ունեմ ֆիլմում նկարահանվելու: Ընդամենը երկու օրից հեռախոսազանգ ստանա նրանից»,- հիշեց Գրեգ Ամատունին:

Տեղեկացնենք, որ սա Գրեգի՝ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջին փորձը չէ: Մինչ այս նա հասցրել է նկարահանվել ևս մի քանի ֆիլմերում, որոնցում, սակայն, հանդես է եկել էպիզոդիկ դերերում: Ինչպես նաև, երիտասարդ դերասանը նկարահանվել է Շառլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում և երգչուհի Սիրուշոյի՝ «Կգա մի օր» տեսահոլովակում:

Զրույցի վերջում խոսելով նաև իր անձնական կյանքի մասին, Գրեգն ասաց.

«Այս պահին անձնականս իմ թղթերն ու տեսախցիկներն են»,- եզրափակեց դերասան Գրեգ Ամատունին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել