ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ քաղաքացուց խարդախությամբ նոթբուք հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

2017թ. փետրվարի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը գնելու նպատակով Մաշտոցի պողոտայում գործող խանութներից մեկում վերցրել է «Էյջ Փի» ապրանքանիշի նոթբուքը, սակայն խաբեությամբ եւ իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված նոթբուքին՝ իրեն պաճառելով խոշոր չափերով վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է խանութի ներսում ալեհեր մի տղամարդ վերցնում նոթբուքը եւ հեռանում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել