«Յուքոմ» ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի «Քավարան» քրեական դրամայի մասին BlogNews.am-ն արդեն պատմել է: 20 մասից բաղկացած սերիալի առաջին սերիան երեկ արդեն եթերում է եղել, իսկ դերասանուհիներ Մերի Հակոբյանը և Լիլիթ Հարոյանը խոսել են իրենց մարմնավորած կերպարների մասին:

Էվելինայի կերպարում հանդես եկող Մերի Հակոբյանը նշում է, որ կրկին խաղում է բացասական կերպարում, իսկ սցենարը կարդալուց հետո միանգամից համաձայնվել է. «Կերպարս կյանքում որևէ դժվարություն չտեսած աղջիկ է՝ բավականին ապահովված ընտանիքից: Նա հայտնվում է իր համար անսպասելի իրավիճակում, որտեղ նրան պայմանները ստիպում են փոխվել: Հետագա զարգացումների մասին կլռեմ»:

Լիլիթ Հարոյանն էլ մարմնավորում է Կատերինային, ով Էվելինայի մտերիմ ընկերուհին է. «Իմ հերոսուհին ավելի վախկոտ, ընկերուհու ետևում թաքնվող, էմոցիաները չթաքցնող նուրբ աղջիկ է: Հարուստի դուստր է, ով խնդիր չի ունեցել աշխատելու հետ և բամբակների մեջ է մեծացել, ով հայտնվում է լրիվ այլ միջավայրում»:

Դերասանուհին, խաղալով հումորային նախագծերում, հիմա ներկայանում է այլ ժանրում, և ինչպես նա է խոստովանում, սա իր դերասանական հմտություններին գնահատական տալու լավ հնարավորություն է. «Կարծում եմ՝ կերպարս կսիրվի, նույնիսկ խղճահարություն կարող է առաջացնել: Ավելի բարդ է այս դերում հանդես գալ, քանի որ կան էմոցիոնալ շատ պահեր, որոնք պետք է լավ ներկայացնել»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել