Related imageԱնկարայի և Բեռլինի հարաբերությունները կրկին կտրուկ վատթարացել են: Պատճառը փետրվարի 18-ին գերմանական Die Welt-ի լրագրող Դենիզ Յուսելի ձերբականությունն էր թուրքական իշխանությունների կողմից: Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը պահանջել էր Թուրքիայի բռնապետից ազատ արձակել Յուսելին և հարգել ԶԼՄ-ների ազատությունները: Սակայն Անկարան մինչև փետրվարի վերջ անտեսում էր Բեռլինի պահանջները: Էրդողանին տեղից շարժելու Անգելա Մերկելի վարչակարգի վերջին օրերի փորձերը կտրուկ արձագանք գտան Թուրքիայում: Էրդողանի վարչակարգը Թուրքիայում սպասվող Սահմանադրական փոփոխության հանրաքվեից առաջ նախաձեռնել էր հանդիպումներ կազմակերպել Գերմանիայում բնակվող իր համերկրացիների հետ և բացատրել, թե ինչ նպատակով է Էրդողանը փոխում երկրի սահմանադրությունը: Սակայն Մերկելը խոչընդոտել է Էրդողանի էմիսարներին հանրահավաքներ կազմակերպել գերմանական քաղաքներում: Հինգշաբթի օրը չեղյալ է հայտարարվել Հագենաու քաղաքի թուրք բնակիչների հանդիպումը Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հետ, իսկ երեկ էլ չեղարկվել է ֆրեհենաբնակ թուրքերի հանդիպումը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի հետ: Այս հանդիպումների չեղարկումը հունից հանել է Թուրքիայի անզուսպ բռնապետին, ով այսօր, ըստ Daily Sabah-ի, մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին պաշտպանելու մեջ: «Գերմանիան պետք է դատարանի առաջ պատասխան տա ահաբեկիչներին պաշտպանելու և թաքցնելու համար: Յուսելն էլ գերմանացի լրտես է», -հայտարարել է Էրդողանը: Այս հայտարարությանն ի պատասխան ԶԼՄ-ները արդեն հաղորդագրություններ են տարածում, որ Գերմանիայի վարչապետ Ա.Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ: Թե ինչի՞ մասին են խոսել Մերկելն ու Յըլդըրըմը, ԶԼՄ-ները չեն հաղորդում: Բայց երևի բոլորն էլ կռահում են այդ զրույցի բովանդակությունը:
Թուրք-գերմանական հարաբերությունները վերջին անգամ այսպիսի ճգնաժամի մեջ են եղել անցյալ տարվա ամռանը, երբ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Անկարայից հնչող սպառնալիքները Մերկելի կողմից անտեսվեցին, իսկ Բեռլինից Թուրքիայի դեսպանի հետ կանչումը գերմանացիների կողմից նույնիսկ չնկատվեց:
Յուսելի հետ կապված այս ճգնաժամը էլ ավելի են սրել թուրք-գերմանական հարաբերությունները: Թուրքիայի բռնապետն իր ամենահիստերիկ նոպաների ժամանակ երբեք դեռ չէր մեղադրել Գերմանիային ահաբեկիչներին հովանավորելու մեջ, ինչպես դա արեց այսօր:
Հիշեցնեմ, որ Գերմանիայում բնակվող թուրքերին Անկարան օգտագործում է և՛ ներքին , և՛ ներգերմանական հարցերը լուծելու համար: Գերմանիայում բնակվող 3 միլիոնից ավել (խոսվում է նաև 5 միլիոնի մասին) թուրքերը, որոնց կեսը ունեն Գերմանիայի քաղաքացիություն, իսկ մյուս կեսը թուրքահպատակ են, մեծ ազդեցություն ունեն և՛Թուրքիայում, և՛ Գերմանիայում տեղի ունեցող ընտրությունների արդյունքների վրա: Գերմանահպատակ թուրքերին Անկարան օգտագործում է որպես «հինգերրորդ շարասյուն» Գերմանիայում՝ նրանց ուղղորդելով, թե ում ընտրեն և ինչպես քվեարկեն: Իսկ թուրքահպատակներին էլ ուղղորդում են Թուրքիայում տեղի ունեցող ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկել իշխանությունների օգտին:
Հենց դրանով է պայմանավորված, որ Գերմանիայում նախընտրական հանդիպունմերի շրջանակում ընտրողների հետ հանդիպում են Էրդողանի վստահելի նախարարները: Իսկ այդ հանդիպումների չեղարկումը Էրդողանը դիտում է որպես Մերկելի կողմից իրեն հասցված անձնական վիրավորաքն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել