Картинки по запросу mehribanՈրքան էլ մեզանում ծաղրի, զարմանքի կամ ապշահարության առիթ է դարձել Իլհամ Ալիևի կողմից ընդունված՝ տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու որոշումն, այնուամենայնիվ, այս հանգամանքը թույլ է տալիս կանխատեսելու Ադրբեջանում բավական խորքային գործընթացների առկայության մասին, ինչն ամեն կերպ փորձ է արվում թաքցնել Բաքվի բռնապետի վարչակարգի կողմից:

Դեռևս 2016թ. սեպտեմբերին Ադրբեջանում անցկացված սահմանադրական բարեփոխումների միջոցով ապահովվեցին բոլոր իրավական հիմքերը՝ երկրի իշխանությունն Ալիևների ընտանիքի ձեռքում պահելու առումով, մինչդեռ մի քանի ամիս առաջ շրջանառվող ամենահավանական վարկածն այն էր, որ Ադրբեջանի նախագահը, վերացնելով սեփական պաշտոնավարման իրավական սահմանափակումները, հող է նախապատրաստում որոշ ժամանակ անց իր պաշտոնը որդուն՝ կրտսեր Հեյդար Ալիևին փոխանցելու համար: Այս համատեքստում որևէ կասկած չկա, որ Մ.Ալիևայի նշանակումը Ադրբեջանի՝ կարևորությամբ երկրորդ պաշտոնում գործնական և իրավական մեխանիզմներ է ստեղծում երկրում սահուն իշխանափոխության իրականացման, այլապես Ի.Ալիևի համար որևէ անհրաժեշտություն չկար քաղաքակիրթ աշխարհի ծաղրին արժանանալու, սեփական հասարակության մոտ հերթական անգամ հեղինակազրկվելու գնով գնալ նման անտրամաբանական քայլի. անտրամաբանական, քանի որ մինչ այս էլ ակնհայտ իրողություն էր Ադրբեջանի առաջին տիկնոջ բավական ազդեցիկ դերակատարությունը երկրի ներքաղաքական կյանքում, որոշումների կայացման գործընթացներում: Մինչ այս էլ տիկին Ալիևան ակտիվորեն մասնակցում էր քաղաքական-հասարակական գործընթացներին, հանդիսանում էր ԱՀ խորհրդարանի պատգամավոր, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահը, ինչպես նաև Յունեսկոյի և Իսեսկոյի բարի կամքի դեսպան: Ուստի որևէ կասկած չկա, որ ԱՀ առաջին տիկնոջ ազդեցիկ դերակատարությանը ֆորմալ, իրավական տեսք հաղորդելն իր խորքում նաև որոշակի խնդիրների լուծման հնարավորություն է պարունակում:

Իսկ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը․ նախ՝ ադրբեջանական երկու ազդեցիկ կլանների՝ Ալիևների և Փաշաևների (հենց այս ընտանիքի ներկայացուցիչ է հանդիսանում Մ.Ալիևան) միջև տարաբնույթ հակասությունների սրումը, Ալիև ամուսինների միջև լուրջ ներանձնային կոնֆլիկտի առաջացումը, Ադրբեջանի նախագահի՝ ասպարեզից հեռացման սպառնալիքը՝ հավանական մահափորձի կամ անբուժելի հիվանդության տարբերակներով և այլն:

Իրականում, որն էլ լինի Ադրբեջանում տեղ գտած պաշտոնի նշանակման տարօրինակ իրողության պատճառը, այնուամենայնիվ, կասկածից վեր է, որ այն հիմք է տալիս կանխատեսելու այդ երկրում բավական ուշագրավ ներքաղաքական խմորումների (նաև հնարավոր արտաքին դրսևորումներով) հավանականություն, ինչը հավելյալ զգոնություն և աչալրջություն պահպանելու հրամայականի առջև է կանգնեցնելու նաև հայկական կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել