Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը, որն ընդգրկել է Հայաստանի տասը մարզի 25 համայնք: Արդյունքում, 42 ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը կամ վերանորոգել է այն:

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արմավիրի մարզի շահառու ընտանիքներին՝ նրանց հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը: Առաջին կանգառը Շենիկ գյուղն էր:

 

Չորս հոգուց բաղկացած Եղոյանների ընտանիքը 21 տարի բնակվել է փայտյա վագոն-տնակում: Ավելի քան 20 տարի ընտանիքին չի հաջողվել ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Ընտանիքի հայրը՝ Մհերը, 90-ականների արցախյան պատերազմում կորցրել է կրտսեր եղբորը, գերեվարվել, փախել է գերությունից, ծանր վիրավորվել ու հաշմվել: Տունդարձից հետո ընտանիք կազմած Մհերը սկսել է ապրել վագոն-տնակում և տարիներ շարունակ կնոջ ու զավակների հետ ստիպված է եղել հաղթահարել վագոն-տնակում ապրելու խնդիրները:

 

«Իմ կյանքում շատ դժվարություններ եմ տեսել և վաղուց արդեն հեքիաթների չէի հավատում: Գիտե՞ք, տարիներ ի վեր համոզված էի, որ հույսդ միայն քեզ վրա պիտի դնես, որ երբեք որևէ մեկը չի գալու օգնության: Այսօր այնքան երջանիկ եմ, որ սխալվում էի: Երջանիկ եմ, որ մարդկանց նկատմամբ հավատը կրկին ծիլ է տվել հոգուս մեջ: Տան շինարարության հետ, կարծես, մի նոր՝ լուսավոր կյանք է սկսվել մեզ համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մհերը:

 

«Հաջողության հասնելու համար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մտովի ամփոփել օրվա անցուդարձը, արվածն ու չարվածը: Նոր սկսվող յուրաքանչուր տարվա հետ այդ գործընթացը գնահատվում է առավել խիստ չափորոշիչներով: Ընդ որում, ազնիվ լինելու համար, անհրաժեշտություն է առաջանում գնահատելու ոչ միայն ինքդ քեզ, այլև ծրագրի, գործընկերոջ ընտրության հարցում ունեցած հաջողությունը և հայրենակիցների արձագանքը: Արդեն հինգ տարի համագործակցում ենք Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ՝ ձգտելով մարդկանց մեջ հույս, հավատ արթնացնելուն զուգահեռ՝ պատասխանատվության վրա խարսխվող արժեհամակարգ ձևավորել: Հինգ տարվա ընթացքում մեզ հաջողվել է երջանկության դռներ բացել 135 ընտանիքի համար: Ուրախ եմ տեղեկացնել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Համագործակցող կողմերն այցելել են նաև Մարգարա գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքին: Դեռ անցած գարնանը թիմերն այստեղ հատակի բետոնապատման աշխատանքներ էին իրականացնում:

 

«Ամուսինս ծնվել ու մեծացել է հողաշեն տանը: Նրա հայրը սկսել էր տան շինարարությունը, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: Մենք էլ մեր հերթին փորձում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր չորս երեխաները մեծանան բարեկարգ պայմաններում, սակայն ապարդյուն.  այդպես էլ չկարողացանք ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Այսօր, ձեր օգնությամբ՝ իրականացավ մեր վաղեմի երազանքը: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի մայրը՝ Ազգանուշը:

 

2016թ.-ին 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, ևս 21-ը՝ վերանորոգել բնակարանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում՝ Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք:

 

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներով:

 

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել