Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած տարեվերջյան խորհրդակցության ժամանակ քննարկվել են տոնական ոչ աշխատանքային օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր: 

Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին և որոշակի ոլորտների պատասխանատուներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին ըստ ոլորտների սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը:
Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները:
Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությանն ուղղված քաղաքացիների հարցերին և խստորեն վերահսկել տոնական օրերին կազմակերպվող աղբահանության աշխատանքները: Բացի այդ, կոմունալ ծառայություններին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանն էլ հանձնարարվել է հնարավոր տեղումների դեպքում ապահովել մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքների կազմակերպումը:
Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել