Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Երևանի համար «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման նպատակով հրավիրված աշխատաժողով: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և միավորումների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ:
Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Երևանում կարևորվում է ժամանակակից մոտեցումների ու տեխնոլոգիաների կիրառումը՝ երևանցիների և քաղաքի հյուրերի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, առկա միջոցներն արդյունավետ կառավարելու նկատառումով:
Հայեցակարգի նպատակն է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքային տնտեսության կառավարման գործընթացում աջակցել քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը, քաղաքային կայուն, համաչափ զարգացման գործընթացին, քաղաքապետարան-քաղաքացի երկխոսության արդյունավետության բարձրացմանը, դիմակայուն և անվտանգ քաղաքային միջավայրի ապահովմանը, տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացմանը և այլն:
Հանդիպման ընթացքում կազմակերպիչների կողմից ներկայացվել են նախորդ աշխատանքային հանդիպման արդյունքները, որից հետո մասնակիցները բաժանվել են երեք թեմատիկ խմբի և բացահայտել են համապատասխան ուղղությանը վերաբերող մարտահրավերները, խնդիրները, առաջնահերթությունները, վերջիններիս լուծմանն ուղղված գործողությունները, աջակցող պայմանները, ակնկալվող արդյունքները և այլն։ Ստացված արդյունքները կամփոփվեն և կլրամշակվեն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել