Պարո՛ն Աշոտյան,

Ես 2012 թվականին ՀՀ ամենահասարակ դպրոցներից մեկի շրջանավարտն էի, այս պահի դրությամբ ուսանողուհի եմ Բեռլինի համալսարանի Կենսաբանություն ֆակուլտետում։
Այստեղ սովորում եմ արդեն յոթ ամիս։ Յոթ ամիս շարունակ ամեն օր ես հասկանում եմ, որ ՀՀ դպրոցները սարսափելի կարգավիճակում են` հատկապես բնագիտական առարկաների տեսանկյունից։ 

Ստիպված եմ եղել յոթ ամիս առաջ հիասթափություն ապրել մեր ուսուցման կարգի պատճառով։ Հավատացե՛ք ինձ, բավականին ցավոտ էր, երբ դասապրոցեսի ընթացքում բազմամյա փորձ ունեցող դասախոսս մի շարք այլազգի ուսանողների ներկայությամբ, ապշահար վրաս նայելով, հազիվ արտաբերեց. «Մի՞թե այդ ամենը Ձեզ դեռ սովորեցնում են դպրոցներում։ Կասե՞ք ևս մեկ անգամ, թե որ երկրից եք»։

Կենսաբանությանս դասախոսն ապշած էր մնացել իմ պատասխանից, որը ես տվել էի` դպրոցում ստացածս գիտելիքների վրա հիմնվելով։ Նրա հարցին դրական պատասխան տալուց ու կամացուկ «Հայաստան» շշնջալուց զատ ուրիշ ոչինչ անել ես չկարողացա։ 

Նման մի քանի դեպքից հետո դասախոսս խորհուրդ տվեց պարզապես մոռանալ այն ամենը, ինչ ես սովորել եմ դպրոցում ու սկսել զրոյից։ Ի դեպ, 20 հոգանոց խմբում, որտեղ բոլորն արտասահմանցիներ են, որտեղ կան Նեպալից սկսած մինչև Ադրբեջան բազում երկրների ներկայացուցիչներ, նման խորհուրդ միայն ես ստացա։

Պարո՛ն Աշոտյան, այն, ինչ մեզ մատուցվում է դպրոցներում, հատկապես բնագիտական առարկաներում, այնքան հին է, այնքան հեռու է 21-րդ դարի իրականությունից, որ եվրոպացի մասնագետներն անգամ մոռացել են այդ նյութերի, այդ տեսությունների երբեմնի գոյության մասին։


Պարո՛ն Աշոտյան, ես վատ աշակերտ չեմ եղել։ Անգամ կարող եմ հանգիստ սրտով ասել, որ լավ աշակերտ եմ եղել` հիմնվելով դպրոցական 12 (11) տարիների ընթացքում նվաճածս գովասանագրերի, պատվոգրերի ու շնորհակալագրերի վրա։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ ցավալի իրավիճակը զուտ իմ ծուլության արդյունքը չէր։ Պատիվ եմ ունեցել անգամ ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի անվճար համակարգում իմ ուսանողական տեղը ստանալ։ Բայց ցավոք սրտի ընտրության մեջ բնականաբար նախընտրել եմ եվրոպական ուսումը։ 


Պարո՛ն Աշոտյան, ես չեմ զարմանում բժշկության և գիտության ցավալի, անգամ ողբալի կարգավիճակի վրա իմ Հայրենիքում։ Այլևս չեմ զարմանում։ Ի՞նչ բժշկության կամ գիտության մասին է խոսքը, եթե մեզ դասավանդում են 1993, լավագույն դեպքում 2005 թվականին լույս տեսած գրքերով։ Գիտությունն այսօր տարիներով չէ, որ առաջ է գնում։ Այլ ամիսներով։ Իսկ մենք դոփում ենք նույն տեղում` տարվա վերջում, այնուամենայնիվ, ինչ-որ անհասկանալի բարձր ցուցանիշներ հասարակությանը ներկայացնելով։ 

Պարո՛ն Աշոտյան, մենք խելացի, համառ ազգ ենք (չհաշված որոշ բացառություններ ու եզակի էակներ, երևույթներ), մենք ցանկանում ենք սովորել, մենք ցանկանում ենք ուսում ստանալ, լավ ուսում, լավագույն ուսում։ Իսկ Դուք մեզնից խլում եք այդ հնարավորությունը։ 


Շրջանցելով այն հնարավոր տարբերակը, որ որպես արդարացում կհնչի պետության` գիտության համար գումար չունենալու հանգամանքը, պետք է ասեմ, որ ըստ իմ պատկերացման ու ընկալման՝ այն նույն գումարը, որ ծախսվել էր այդքան նոր գրքեր տպագրելու համար, կարող էր մի փոքր մեծացվելու դեպքում աշակերտներին մատուցել արտասահմանյան հիանալի գրքերի հայկական տարբերակները։ Իսկ ես առիթ եմ ունեցել ծանոթանալու նաև նոր տպագիր գրքերի հետ։ Տպավորությունն ու վստահ եմ նաև իրականությունն այն էր, որ հին գրքերը պարզապես վերատպվել են։ Ես քիչ բան չեմ հասկանում իմ ապագա մասնագիտությունից, հին, մեռած նյութը նոր նյութից տարբերակել կարողանում եմ…ի դժբախտություն շատերի։ 

Սարսափելի է մտածել, որ տարիներ շարունակ այն ամենը, ինչ ստացել եմ դպրոցում առավելապես բնագիտական առարկաներից, մի նյութ է, որն ընդհանրապես գոյություն չունի, մեռած է։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ ժամանակակից Հայաստանի համար դա բնավ նորություն չէ, որ մատուցվում է մարդկանց, ժողովրդին այն, ինչ գոյություն չունի, ու որ մեռած ձայները հաճախ ավելի բարձր են գոռում։ Սակայն ո՞րն է կառավարության շահը հզոր ներուժ ունեցող երիտասարդներին տգիտության մեջ խեղդելու։ Մի՞թե առաջնորդվում ենք «հիմար ժողովրդին ղեկավարելը հեշտ է» կարգախոսով։ Եթե այո, ապա հիասթափեցնելով պետք է նշեմ, որ ես այնուամենայնիվ վստահ եմ, որ հայ դպրոցականն ու ուսանողը ամեն գնով կգտնի իր լավագույնը, կգտնի իրեն արժանին թե՛ ուսման, թե՛ շրջապատի, թե՛ կառավարության և թե՛ ապագայի մեջ։ 

Թույլ տվեք մեզ ստանալ որակյալ ուսում, ճիշտ գիտություն, թույլ տվեք մեզ դառնալ լավագույնը։ Այլապես հայ դպրոցականն ու ուսանողը կգտնի նրան, ով իրեն կօգնի գտնելու լավագույն ապագայի ճշմարիտ ուղին։

Հարգանքներով`
Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացի
Հակոբյան Մարիամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել