Картинки по запросу հայաստան դրոշՄեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած բավական կնճռոտ մարտահրավերները դիմագրավելու ամենաարդյունավետ և խոստումնալից բանաձևը համազգային միասնության ապահովման ձևաչափերի առարկայացումն է, իսկ այդ բանաձևի կիրառումը՝ բանավորից իրական, գործնական հարթություն անցում կատարելն այսօր արդեն անհետաձգելի հրամայական է:

Արդեն խիստ ժամանակավրեպ են՝ ««Հայրենիքի տերը» այնտեղ ապրող հայն է» իմաստային ընդհանրական բովանդակությամբ պաշտոնականից հասարակական տարբեր մակարդակներով պարբերաբար հնչեցված տարաբնույթ մեկնաբանությունները։ Հայրենիքի տերը յուրաքանչյուր հայ է՝ անկախ նրա գտնվելու վայրից ու գործունեության ոլորտից: Դատարկախոսներ և պորտաբույծներ ամեն տեղ էլ կան՝ Հայաստանում էլ, նրանից դուրս էլ:

Հայաստանի Հանրապետության 2,5 տասնամյակների պատմությունն օբյեկտիվորեն ապացուցել է, որ մեր ունեցած խնդիրների առանցքում սեփական ներուժի՝ համահայկական ներուժի ճշգրիտ գնահատման և արդյունավետ կառավարման հարցում արձանագրված թերացումներն են, որոշ դեպքերում՝ անգամ բացակայությունը. որևէ առարկայական առաջընթաց անիմաստ է ակնկալելը, եթե վերոնշյալ հիմնահարցի հետ կապված չկա մոտեցման, գործելաոճի սկզբունքային փոփոխություն:

Վերոնշյալ խնդրի հետ կապված՝ ինչպես ՀՀ նոր կառավարության, այնպես էլ երկրում իշխող կուսակցության կողմից ներկայացված հեռանկարային ծրագրային առանձին դրույթներում, որպես օրինակ՝ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասով առաջարկված քայլերն առավել գործնական, առարկայական հարթություն տեղափոխվելու միտումներ են ամրագրում: Եթե այս անգամ էլ դրանք մնան ընդամենը թղթի վրա շարադրված ձևակերպումների տեսքով կամ սահմանափակվեն մինչ այս եղած առավելագույնը (չհաշված եզակի բացառությունները) «անել անելու համար» մանևրային ձևաչափերով, ապա արդեն տեսանելի ապագայի համար ուրվագծվող մարտահրավերները պարզապես անհաղթահարելի են դառնալու՝ զրոյական դարձնելով անգամ մինչ այս որևէ լուծում ապահոված, որոշ դեպքերում արդարացված մանևրային գործելաոճի հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել