Այսօր կայացավ «Դասադուլ» կոչվածը: Ոմանք դա ընդունել էին որպես պայքարի ամենաուժեղ ու առաջնային միջոց, ոմանք, այդ թվում նաև ես, ոչ: Ես չմասնակցեցի այդ ամենին, բայց կարծիքս հայտնեմ դրա մասին:
Նախ նշեմ, որ կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել, որ բոլորին իմաց տային սպասվող դասադուլի մասին: Երեկ Ազատության հրապարակում նրանք բաժանում էին այդ մասին տեղեկացնող թերթիկներ, ինչպես նաև ակտիվ պրոպագանդա էր գնում Ֆեսյբուքով:

Բայց այդ ամենին հակադարձեմ՝ նշելով, որ գոյություն ուներ վախի ու անվստահության հսկայական ալիք: Ուսանողներից շատերը վախենում էին, որ կարող են ենթարկվել տարբեր «ներքին» պատիժների ընդհուպ մինչև հեռացում: Մյուսներն էլ ծիծաղում էին այդ մտքի վրա ու անցնում:

Այսօր, տեսնելով որ մասնակիցների թիվը բավականին մեծ էր, բայց ոչ անհրաժեշտ չափով մեծ, ինքս ինձ նորից հարց տվեցի: Արդյո՞ք սա օգտակար միջոց է: Բայց նորից ինքս իմ համար բացասական պատասխան ստացա: Ես կմիանամ այս դասադուլին միայն այն դեպքում, երբ իրոք նպատակին հասնելու ուղին: Միջոցը սա է ընտրված, բայց ուղին դեռ պարզ չէ:

Շատ զարմանալի եղավ իմ համար նաև այն, որ դասադուլի ընթացքում ցուցարարներին միացավ Ր.Հովհաննիսյանը: Կարծում եմ՝ դա նրա կողմից չկշռադատված ու սխալ քայլ էր: Նա չպետք է այդքան թեթևացներ իր ծանր տեղը: Պետք չէ ամեն մի ակցիայի վազել: 

Ի վերջո նշեմ համալսարաններում տիրող ԽԱՅՏԱՌԱԿ մթնոլորտի մասին: ՈՉ ՈՔ, կրկնում եմ, ՈՉ ՈՔ իրավունք չունի կողպել համալսարան մտնող ու դրանից դուրս բերող դռները: Ըստ ՀՀ սահմանադրության՝ ես՝ ՀՀ քաղաքացիս, իրավունք ունեմ ազատ տեղաշարժվելու: Անկախ նրանից, գնում եմ ես ցույցի, թե այլ տեղ, ՈՉ ՈՔ իրավունք չունի ինձ խանգարել: Թող բացակա դնեն, նկատողություն տան, բայց նման բան անելու իրավունք չունեն: 

Ի դեպ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը լավ կանի՝ մտածի այս թեմայի շուրջ: Նույնը վերաբերում է նաև Արմեն Աշոտյանին, ով վերջերս ոչ մի բանով չի տարբերվում վիդեոբլոգեր աղջկանից, կարծեմ անունը Անժելա էր:

Հ.Գ. Դասադուլին միանալ/չմիանալու մասին որոշում կկայացնեմ երկու օրից, երբ քիչ թե շատ պարզ կլինի, թե ինչի կարելի է հասնել դրա միջոցով:

Հ.Գ. 2. Ոչ ոք թող չմտածի, թե ես պաշտպանում եմ այս կամ այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին: Ես ավելին քան ցանկացածը ցանկանում եմ ապրել իրավահավասար, ազատ ու ժողովրդավար երկրում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել