14975694_1137730599609546_705065742_o

1970-ականներին Վրաստանում դիսիդենտական պայքարը լայն թափ հավաքեց: Դրան նպաստեց «Հելսինկյան ակտի» կնքումը: 1975թ. Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ը և Կանադան ստորագրեցին «Հելսինկյան ակտը»: Ստորագրողների թվում էին նաև ԽՍՀՄ պատվիրակության ներկայացուցիչները: Փաստաթուղթը ենթադրում էր պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում, ուժի չկիրառում և բոլոր վիճելի հարցերը խաղաղությամբ լուծելու պատրաստակամություն:

Այնուամենայնիվ, փաստաթղթում առկա էին մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ դրույթներ, որոնք խիստ անցանկալի էին ԽՍՀՄ ներկայացուցիչների համար: Ընդունելով մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթում առկա կետերը` իշխանությունը ստիպված էր ընդունել, որ երկրում կարող են առաջանալ կոմունիստական իշխանության վերահսկողությունից դուրս քաղաքացիական միավորներ: Մի շարք երկրներում ստեղծվեցին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ կամ, այսպես կոչված, «Հելսինկյան խմբեր»: 1976թ. Վրաստանում ստեղծվեց մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը, որը նույն թվականին հիմնադրեց «Վրացական Հելսինկյան խումբը»: 1989թ. խումբը վերանվանվեց «Հելսինկյան միություն»: Խմբի անդամներից էին դիսիդենտներ Զվիադ Գամսարխուդիան, Մերաբ Կոստավան, Բեգո Բեժուաշվիլին և ուրիշներ: 1976թ. «Հելսինկյան խումբը» թողարկեց իր «Սաքարթվելոս Մոամբե» ամսագրի առաջին համարը: Ամսագրի գլխավոր խմբագիրը Գամսարխուդիան էր: Վրացի դիսիդենտների հոդվածները տպագրվում էին այլ երկրների դիսիդենտական ամսագրերում և արտասահմանյան պարբերականներում: Հոդվածներում «Հելսինկյան կոմիտեի» ներկայացուցիչները նշում էին կոմունիստական իշխանության հանցագործ գործունեությունը, մարդու իրավունքների ոտնահարումները և քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը: Խմբի գործունեության հետ մեկտեղ իշխանությունները սկսեցին բռնաճնշումների քաղաքականություն վարել: 1978թ. ձերբակալվեցին Գամսարխուդիան և Կոստավան: «Վրացական Հելսինկյան խումբը» երկրում գործող առաջին օրինական ընդդիմադիր միավորումն էր: Այն մեծաքանակ միավորում չէր, սակայն հսկայական գործ կատարեց և զգալի ազդեցություն թողեց հասարակական շրջանակների վրա:

14971154_1137744796274793_55093231_n

Ընդհանրապես այդ շրջանի դիսիդենտական շարժումն իր ուրույն ազդեցությունն ուներ մտավորականության և ուսանողության վրա: 1978թ. ապրիլին մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, որոնք հսկայական ազդեցություն թողեցին վրաց ժողովրդի ազատագրական նկրտումների վրա: Տեղի էր ունենալու նոր սահմանադրական հանրաքվե: Այդ նոր սահմանադրության համաձայն՝ վրացերենը չէր ունենում պետական լեզվի կարգավիճակ: Սա հասարակության շրջանում ընկալվեց որպես Կրեմլի կողմից հարված վրաց ինքնությանը և արժանապատվությանը: Երկրի մտավորականությունը և ուսանողությունը ոտքի կանգնեց: Հատկապես ակտիվ էր հայտնի հասարակական գործիչ Ակակի Բաքրաձեն: Ապրիլի 12-ին սկսվեց հանրահավաքների փուլը: Հազարավոր ուսանողներ մասնակցում էին հանրահավաքներին: Այդ միջոցառումները կազմակերպում էին Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները՝ Թամար Չխեիձեի, Մարիամ Բաղդավաձեի գլխավորությամբ: Ապրիլի 14-ին ուսանողները շարժվեցին դեպի կառավարության շենք: Ճանապարհին վերջիններիս միացան այլ կրթական հաստատությունների ուսանողներ ևս: Քաղաքի բնակչության զգալի մեծամասնությունը ուսանողների կողքին էր: Քաղաքական ղեկավարությունը, քարտուղար Էդուարդ Շևարնաձեի գլխավորությամբ, ստիպված էր բանակցություններ սկսել Կրեմլի հետ:

Հարկ է նշել, որ նրանք կարողացան այնպես անել, որ Մոսկվան այդ հարցում զիջումների գնա: Թվում էր, թե արյունահեղությունն անխուսափելի է: Բարեբախտաբար, վրացիները կարողացան ստիպել Կրեմլին զիջումների գնալ: Այդ հաղթանակից հետո վրացական մտավորականությունն ու ուսանողությունն էլ ավելի ակտիվ և համարձակ կերպով սկսեց քննադատել կոմունիստական բարքերը: 1980-ականների սկզբին հստակ ուրվագծվեց ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարում առկա ճգնաժամը: Սոցիալիստական ճամբարն արևմուտքի հետ «Սառը պատերազմի» մեջ էր և չէր կարողանում մրցակցել վերջինիս հետ: Սոցիալիզմը որպես գաղափարախոսություն լիովին զիջում էր իր դիրքերը լիբերալ ժողովրդավարությանը:

Արևմուտքը թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդավարության մակարդակով մի քանի անգամ առաջ էր սոցիալիստական բլոկի երկրներից: Տնտեսապես ոչ զարգացվածությունը հանգեցրել էր հետամնացության, որն էլ իր հերթին բացասաբար էր ազդում քաղաքացիների կյանքի կենսամակարդակի վրա: Սոցիալիստական ճամբարի այն երկրների բնակչությունը, որոնք սահմանակից էին Արևմտյան Եվրոպայի երկրներին, հստակ տեսնում էր կյանքի կենսամակարդակների տարբերությունը: Այդ ամենը դրդում էր իրենց բոլոր միջոցները գործի դնել և տեղափոխվել արևմուտք, իսկ այն մարդիկ, ովքեր իվիճակի չէին կամ պարզապես չէին ուզում լքել սեփական հայրենիքը, 1980-ականներին սկսեցին սոցիալիստական բլոկի ապամոնտաժման գործընթացը:

ԽՍՀՄ-ն էլ ավելի ծանր վիճակում հայտնվեց այն ժամանակ, երբ 1979թ. զորք մտցրեց և փորձեց օկուպացնել Աֆղանստանը: «Չարիքի կայսրությունը» հայտնվեց պատժամիջոցների կիրառման տակ, որն իր հերթին ավելի արագացրեց միության փլուզումը և սոցիալիստական ճամբարի վերացումը: Ճամբարի ապամոնտաժման գործընթացը սկսվել էր դեռևս 1980 թվականին Լեհաստանում՝ «Համերաշխություն» շարժման սկզբնավորմամբ, որը լուրջ իմպուլս տվեց Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներին: Հետագայում Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Արևելյան Գերմանիայում և Ռումինիայում կոմունիստական բռնապետությունները վերացվեցին:

1980-ականների վերջին կոմունիստական բռնապետությունից ազատվելու գործընթացեր սկսվեցին բուն ԽՍՀՄ տարածքում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և մնացած երկրներում: Համակարգային և տնտեսական խորը ճգնաժամի մեջ գտնվող ԽՍՀՄ-ում այդ ժամանակ իշխանության եկավ Գորբաչովը, ով գործի դրեց իր հայտնի «Վերակառուցման» քաղաքականությունը:

Գորբաչովյան «Վերակառուցումն» անմիջապես իր արդյունքը տվեց. ԽՍՀՄ երկրներում առկա տոտալիտար համակագը փոքր-ինչ մեղմացավ: Դա տեղի ունեցավ նաև Վրաստանում: Ստեղծվեցին բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպություններ: Դրանցից էր «Իլյա Ճավճավաձեի միությունը», որը ստեղծվեց 1987թ.: Այդ կազմակերպությունն իր առջև նպատակ էր դրել վերականգնել Վրաստանի անկախությունը: 1988-89թթ. ասպարեզում երևացին «Ազգային իրավահավասարություն կուսակցությունը», «Վրաստանի ազգային անկախություն կուսակցությունը», «Վրաստանի ժողովրդական ճակատը», «Շոթա Ռուսթավելիի միությունը», «Կանաչների միությունը» և բազմաթիվ այլ ուժեր: Այդ ժամանակ նաև անկաշկանդ գործում էին «Հանրապետական» և «Ազգային ժողովրդավարական կուսակցությունները»: Զվիյադ Գամսարխուդիայի և Մերաբ Կոստավայի հետ մեկտեղ հասարակական ընդվզումները սկսեցին գլխավորել Իրակլի Շենգելիան, Իրակլի Բաթիաշվիլին, Գեորգի Չանտուրիան և ուրիշներ: Գործընթացների գլխավոր ուժը, ինչպես միշտ, ուսանողությունն էր:

14972003_1137730732942866_215208379_n

Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները ստեղծել էին «Մամուլի ակումբ», որը ղեկավարում էին Դաթո Թուրաշվիլին, Պիկրիա Չիխրաձեն և ուրիշները: Ժողովրդական գործընթացներ սկսեցին նաև Բաթումում, Քութայիսիում և այլ խոշոր քաղաքներում: 1988թ. Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները պահանջեցին ռուսական զորքերը դուրս բերել Դավիթ Գարեջի անվան թանգարան արգելոցի տարածքից: 1988թ. զգալի ընդզվումներ տեղի ունեցան: Գորբաչովը ցանկանում էր երկրի սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ ԽՍՀՄ անդամ երկրներնը դե յուրե չկարողանային դուրս գալ միության կազմից: Դա, բնականաբար, դժգոհություններ առաջացրեց: Այդ ժամանակ ևս հասարակական ընդզվումների մեջ մեծ դեր ունեցավ Ակակի Բաքրաձեն:

1988թ. նոյեմբերին Թբիլիսիի կառավարության շենքի մոտ մի խումբ երիտասարդներ հացադուլ սկսեցին: Վրացիներն իրենց համերաշխությունը հայտնեցին հացադուլավորներին: Վրաստանի Գերագույն Խորհուրդը ստիպված դիմեց Կրեմլին, որպեսզի վերացվի իրավաբանորեն ԽՍՀՄ կազմից դուրս գալու դժվարությունները: Կրեմլը գնաց այդ զիջումներին: Նոյեմբերին ցույցերից հետո երկրում հասարակական կյանքը մի փոքր հանդարտվեց: Դա լռություն էր մեծ փոթորկից առաջ: ԽՍՀՄ իշխանություններն այդ շրջանում արդեն սկսել էին բռնաճնշումներ իրականացնել պայքարող խմբերի հանդեպ:

1989թ. հասարակական կյանքը բուռն ընթացք ունեցավ: Տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ճակատագրական նշականություն ունեցան: Դեռևս ապրիլի 4-ից ուսանողները կառավարության շենքի մոտ նստացույց սկսեցին՝ իրենց բողոքն արտահայտելով աբխազական անջատողականների դեմ, որոնք Վրաստանի կազմից դուրս գալու և Ռուսաստանի կազմ մտնելու հայտ էին ներկայացրել: Ինչպես 1919-20թթ., այնպես էլ հիմա, Կրեմլը գործի էր դրել իր 5-րդ շարասյանը: Նստացույցը բավականին արագ փոխեց իր հիմնական պահանջը: Մարդիկ անկախություն էին պահանջում: Հենց այդ պահանջով մի խումբ ուսանողներ անժամկետ հացադուլ սկսեցին:

Իշխանությունները սկսեցին կոորդինացնել իրենց գործողությունները: Մարտական պատրաստվածության բերվեցին Թբիլիսիում գտնվող «Անդրկովկասյան զինվորական օկրուգի» ստորաբաժանումները: Գործողության համար Մոսկվայից հատուկ դեսանտային ջոկատ էր բերվել: Գործողությունը ղեկավարում էր գեներալ Իգոր Ռադիոնովը: Ապրիլի 9-ի առավոտյան Կառավարության շենքի մոտ գտնվող զորքերը հարձակվեցին ցուցարարների վրա: Զինվորականները զինված էին մահակներով, բահերով և թունավոր գազով: Արդյունքում, խաղաղ ցուցարարների սպանդ տեղի ունեցավ: Սպանվեց 19 ցուցարար, որից 16-ը կանայք էին: Ավելի քան 2000 մարդ գազային թունավորման ենթարկվեց: Թբիլիսիում արտակարգ դրություն մտցվեց: Իրավիճակն էլի ավելի սրվեց կրեմլյան տեղեկատվական խայտառակ պրոպագանդայի, ինչպես նաև ռուս զինվորների ցինիկ պահվածքից և Թբիլիսիի փողոցներում ցուցադրաբար թափառելու ժամանակ: Ապրիլի 10-ին պատժիչ զորաջոկատները շրջապատեցին Թբիլիսիի պետական համալսարանի շենքը: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հմուտ բանակցությունների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր ջարդից:

14975694_1137730599609546_705065742_o

Ապրիլի 9-ի ողբերգությունն էլ ավելի սրեց իրավիճակը երկրում: Վրաց հասարակությունն էլ ավելի ծայրահեղ դարձավ: Ընդդիմադիրները ստեղծեցին «Ազգային փրկության կոմիտե», որի անդամներից էին «Հելսինկյան միությունը», «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային իրավահավասարության կուսակցությունը» և «Ազգային անկախության կուսակցությունը»: Կոմիտեն իր առջև խնդիր էր դրել դոըրս գալ ԽՍՀՄ կազմից: Պայքարի միջոցները խաղաղ երթերը, հանհրահավաքները և նստացույցներն էին:

1990թ. մարտին ստեղծվեց «Ազգային ֆորումը», որը կարճ կյանք ունեցավ: Գամսարխուդիան և իր կողմնակիցները ստեղծեցին «Կլոր սեղան ազատ Վրաստան» բլոկը, իսկ մնացած ուժերը Գեորգի Չանտուրիայի գլխավորությամբ ստեղծեցին «Ազգային կոնգրես»: 1990թ. «Ազգային կոնգրեսը» պահանջներ ներկայացրեց ռուսական օկուպացիոն զորքը Վրաստանի տարածքից դուրս բերելու վերաբերյալ: «Ազգային կոնգրեսի» ճնշման տակ 1990թ. մարտին Գերագույն խորհուրդը բանաձև ընդունեց, որտեղ ասվում էր « …… վրացական Գերագույն Խորհուրդը հաստատում է, որ 1921թ. խորհրդային զորքերի մուտքը իրավաբանական տեսանկյունից համարվում է ռազմական ինտերվենցիա կամ Վրաստանի օկուպացիա, որի նպատակն էր երկրի քաղաքական համակարգը ոչնչացնելով բռնակցել այն: Գերագույն Խորհուրդը դատապարտում է Խորհրդային Ռուսաստանի՝ Վրաստանին աննեքսիայի ենթարկելու փաստը՝ համարելով այն միջազգային հանցագործություն….»: Այսպես, առաջին անգամ ընդունվեց, որ երկրում 70 տարի գործել է ապօրինի ռեժիմ: 1990թ. հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած Գերագույն Խորհրդի ընտրությունների ժամանակ վրաց ժողովուրդը քվեարկեց «Կլոր սեղան ազատ Վրաստան» բլոկի օգտին: 1990թ. նոյեմբերի 14-ին նորընտիր Գերագույն Խորհրդի նախագահ ընտրվեց Գամսարխուդիան: Սկսվեց Վրաստանի ԽՍՀՄ կազմից դուրս գալու իրավաբանական գործընթացը: Վրաստանի պետական դրոշի, զինանշանի և օրհներգի մասին օրենքներ ընդունվեցին: Ստեղծվեց խումբ, որը պետք է զբաղվեր նոր սահմանադրության մշակմամբ: Վերացվեց ԽՍՀՄ բանակի կազմում ծառայելու պարտադիր զորակոչի դրույթը: Վերացվեցին Վրաստանի կազմում գործող խորհրդային կառավարման մարմինները՝ խորհուրդները:

14971863_1137730536276219_618951447_n

1991թ. մարտի 31-ին հանրաքվե տեղի ունեցավ, որի արդյունքում հանրաքվեին մասնակցած քաղաքացիների գրեթե 98%-ը «այո» ասաց անկախությանը: Քվեարկության արդյունքների համաձայն՝ 1991թ. ապրիլի 9-ին Գերագույն Խորհուրդը «Վրաստանի անկախության վերականգման մասին հռչակագիր» ընդունեց: 1991թ. մայիսի 26-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթեց դիսիդենտ, մտավորական Զվիյադ Գամսարխուդիան: 1991թ. սեպտեմբերին Վրաստանի իշխանությունները որոշումներ ընդունեցին երկրում առկա օկուպացիոն զորամիավորումների մասին: Համաձայն դրանց՝ Գերագույն Խորհուրդը Վրաստանում գտնվող խորհրդային զորամիավորումները որակեց օկուպացիոն բանակներ և Վրաստանի կառավարությանը հանձնարարեց ԽՍՀՄ ղեկավարության հետ բանակցություններ սկսել դրանց դուրս բերման համար: Մինչ այդ տեղի էր ունեցել օգոստոսյան «Պուտչը», որը բարեբախտաբար տապալվել էր և Խորհրդային Միության կազմում գտնվող ժողովուրդները մեկը մյուսի հետևից անկախացան: Վրաստանում Գամսարխուդիան իր ընդդիմախոսների խռովությունների պատճառով կարճ ժամանակ անց զրկվեց իշխանությունից, իսկ երկիրն ընկղմվեց պատերազմների մեջ և հայտնվեց ռուսական ազդեցության գոտում: Բարեբախտաբար, 2000-ականներին Միխեիլ Սաակաշվիլիի «Վարդերի հեղափոխության» միջոցով իշխանության գալուց հետո երկիրը բռնեց քաղաքակիրթ աշխարհին միանալու ճանապարհը: Հետագայում ընտրությունների արդյունքում իշխանությունից հեռացած Սաակաշվիլիի իրականացրած բարեփոխումների շնորհիվ Վրաստանն ասյօր տարածաշրջանում համարվում է ամենադինամիկ զարգացող երկիրը:

Դավիթ Ֆիդանյան

Առաջին մասն՝ այստեղ

Երկրոդր մասն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել