Այն անհունորեն պայծառ, լուսավոր օրը, երբ արևի չարաճճի փաղաքշանքներից խենթացած թռչունների դայլայլի ներքո ժամանակին արքայադստեր պես գեղեցիկ իմ առաջին սերը աղիողորմ հեկեկում էր՝ սգալով կրտսեր եղբոր վաղաժամ մահը, մենք դիմացի ծեփաթափ պատի տակ գլխահակ կանգնած մի խումբ ընկերներ զգում էինք, որ անասելիորեն տխուր է մահանալը, երբ նոր արթնացող գարունը ուրախ-ուրախ քաշքշում է անցորդների փեշերից…
Իմ արդար ու իր պաշտած երկրի լեռների պես պարզ պապի դուռը Մահը բախեց կամացուկ՝ երկնքից օրորվելով իջնող ձյան խոշոր փաթիլների հետ, նույնքան մեղմորեն, կարծես ափսոսանքով պապիկիս անվերադարձ տանելով հորիզոնը գրկած դաշտերի լայնարձակությունից ու խաշամի բույրերով լի անտառներից:
Իր ազնվությամբ բանակներ ենթարկող հրամանատարի՝ Մոնթեի Մահը ադրբեջանական արկի մի ծուռումուռ բեկոր էր, իսկ Հայրենիք կինոթատրոնի խաչմերուկում Մահն իր հերթական զոհին դարանակալել էր զրահագնացքի պես մեծ մի Համերի տեսքով:
Հյուրասեր ու միամտության չափ սրտաբաց քեռի Հմայակին Մահը ներկայացավ ցավի կարմիր հանդերձներով՝ դահճի կնգուղի նեղ ակնաճեղքերում պարփակելով մարդկային հույսի ողջ ունայնությունը, իսկ իմ ընկեր Արմենի Մահը նկուղի ժանգոտ մի մեխից իր իսկ ձեռքով կախած սպայական կաշեգոտին էր:
Մեկի տառապանքով լի վերջին օրերի անուրախ դեկորացիան հիվանդասենյակի՝ դեղորայքի սուր հոտով ներծծված պատերն են, մյուսի Մահը գալիս է անհոգ քրքջալով՝ գիշերային երկնքում կայծկլտացող աստղերի վրայով կամ օվկիանոսի ալիքների ճերմակ կատարներին նստած՝ Պոսեյդոնի պես հպարտ ու անողոք:
Խորագետ հնդկացի դոն Խուան Մատուսը համոզված էր, որ որ Մահը կանգնած է յուրաքանչյուրիս ձախ կողմում և անլսելի ձայնով շշնջում է իմաստուն խորհուրդներ, իսկ ջրհորի հատակի պես սև գիշերներին, իր գլխավերևում վառելով փայլփլող կրակներ, սրարշավ վարգով հետապնդում է Սոնորի անապատում հայտնված միայնակ ճանապարհորդներին:
Հույն փիլիսոփաներից մեկը համարում էր, որ ինքն ու մարդկության այդ վաղեմի թշնամին երբեք չեն հանդիպելու, քանի որ մեկի ներկայությունը բացառում է մյուսի գոյությունը: Միշել Մոնտենը պնդում էր, որ փիլիսոփայել նշանակում է սովորել մահանալ, իսկ իր թրի շեղբի պես շիտակ սամուրայ Յամոմոտո Ցունետամոն վստահ էր՝ ամեն կարգին մարդու առաջին միտքն առավոտյան պետք է լինի կյանքի ամեն վայրկյանին հավասարաչափ հավանական սեփական մահվան գիտակցումը….
Մահվան անտարբեր աչքերին առաջին անգամ ես նայել եմ 4 թե 5 տարեկանում, երբ բարձր ջերմաստիճանից ջղաձգվող իմ մանկական վտիտ մարմնի տեսքը կաթվածահար էր արել տատիկիս ու պապիկիս: Այդ անգամ իմ ու Մահվան ժամադրությանը ավարտին հասնել խանգարեցին իմ ազգականուհիներից մեկի՝ կուլ գնացող լեզուս արիաբար պահող գեղեցիկ մատները, ինչի դիմաց իր զոհին միշտ դժկամորեն բաց թողնող Մահը վրեժխնդիր եղավ նրա նուրբ ձեռքերին մանկական սուր ատամների թողած հետքերով…
Հաջորդ անգամ մահվան պաղ շունչը զգալ վիճակվեց, երբ Ստեփանակերտի գիշերային երկնքում պատերազմը վառեց բորենու աչքերի պես գիշատիչ իր կրակները: Կրկժանի բարձունքներից արձակած ամեն պատահական գնդակը, արկի մի տձև բեկորը, երկնքից ճակատագրի անշեղությամբ ընկնող ավիառումբը, անգամ ատրճանակով զինված մի հարբած անցորդի անմիտ քմահաճույքը ամեն վայրկյան կարող էին վերջակետ դնել պատանեկան երազանքներով լի իմ կյանքին: Բայց ամենքիս հետ թևանցուկ քայլող Մահը մի անկրկնելի, սիրտ ճմլելու չափ սուր հմայք էր հաղորդում կյանքի ամեն ակնթարթին: Ինքնաշեն ծխախոտի կոկորդ քերծող ծուխը թվում էր Հավանայի բոլոր արևադարձային հրապույրները պարունակող սիգարի տարաշխարհիկ բուրմունք: Անասելի գեղեցիկ ու տխուր էին անգամ պատերազմում իր հմայքը պահպանած հարևանի աղջկա մեղմ ժպիտն ու Ստեփանակերտը շրջապատած լեռների վրայով ծուլորեն գլորվող արևը: Տապակած կարտոֆիլով ու սոխով ընթրիքները շքեղ էին Լուկուլոսի խրախճանքների պես, իսկ վառարանի հրացոլքը ձմեռային երկար գիշերները շռայլորեն ներկում էր հեքիաթային գույներով….
Հիմա, երբ իմ անխուսափելի մահվան ճերմակ ուրվագծերը մշուշվել են առօրյա գործերի՝ ոչինչ չնշանակող հաղթանակների ու նույնքան անարժեք պարտությունների մեջ, ավելի ու ավելի հաճախ եմ մտածում, որ կյանքիս սցենարներից մեկում, որտեղ Մահը իմ ծերունական մահճի մոտ նստած մեղմորեն պատմելու է վերջին, վերերկրային ճշմարտությունները, ես նախանձելու եմ բոլոր նրանց, ովքեր մահացել են երիտասարդ՝ երբ կյանքը թվում է անվերջ, գիշերային մարտին վախեցած նայող աստղերի ներքո, հակառակորդի գնդակի հարվածից առաջ իրենց կրծքին զգալով վերջին սիրուհու՝ զեփյուռի խելահեղ գգվանքը….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել