Tert.am-ը գրում է.
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելությունից սպասելիքներին, Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Ըստ նրա այս այցի ընթացքում համանախագահները փորձելու են նախագահների նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից:

-Պարոն Մայիլյան, հոկտեմբերի 21-ին տևական անդորրից հետո Ադրբեջանը կրկին դիմեց դիվերսիոն փորձերի, այստեղ ընդունված է այդ դիվերսիան պայմանավորել համանախագահների ` այսօր  տարածաշրջան կատարած այցով: Դուք և՞ս այդ կարծիքին եք: Եթե այո, ապա, ըստ Ձեզ, ի՞նչ մեսիջ է հաղորդում Ադրբեջանը համանախագահությանը:

- Հետապրիլյան ժամանակաշրջանում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթնաժողովների շրջանակներում անցկացված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներում ձեռք են բերվել հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողության ու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածություններ: Ադրբեջանական կողմն, իրեն հատուկ ոճով սկսել է հետ կանգնել պայմանավորվածությունների իրականացումից: Բաքվում հասկանում են, որ այս մեխանիզմի ներդրումն իրեն զրկելու է շարունակել իր բազմամյա ռազմական դիվանագիտությունը որպես Հայաստանի ու Արցախի նկատմամբ որպես լծակ օգտագործելուն ու միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու հնարավորությունից: Ըստ իս, ադրբեջանական կողմը Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո դադարեցրեց հրադադարի կոպիտ խախտումների իր փորձերը, որպեսզի հիշյալ վերահսկողական մեխանիզմները չներդրվեն: Մյուս կողմից, Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է ապացուցել, որ  Ադրբեջանի ու ԼՂ-ի միջև միջազգային հակամարտությունը սառեցված չէ և որ պետք է փոխել ստատուս քվոն: ԱՄՆ Պետքարտուղարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վերջին հայտարարություններն ուղղակի հօդս հանեցին ադրբեջանական ղեկավարության այս երկարամյա ջանքերը: Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ այս երկրի իշխանությունը նորից որոշել է գործի դնել իր անհեռանկար ռազմական դիվանագիտությունը, և արհեստական սրացումներով հակամարտությունը դուրս բերել սառեցված վիճակից:

-Համանախագահների այս այցը տարածաշրջան հերթակա՞ն է, թե բանակցությունների նոր տարրեր կբերի:
- Սա հերթական այց է, որի ընթացքում միջնորդները փորձելու են նախագահների նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել նրանցից։

- Փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը վերջերս կարծիք հայտնեց, որ եթե Ադրբեջանը չի կատարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի իր պարտավորվածությունները Հայաստանը պետք է քննարկումներ չունենա ՄԽ-ի հետ, համամի՞տ եք:
 
-Չարժե հրաժարվել միջազգային միջնորդների հետ հանդիպումներից: Թեպետ  հնարավոր եմ համարում համանախագահներին բացատրելը, որ առաջին դեմքերի մակարդակով  նոր հանդիպման անցկացման հնարավորությունն առանց Ադրբեջանի` իր կողմից վերցված պարտավորությունների կատարման, նպատակահարմար չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել