Картинки по запросу toefl bookԱրտերկրյա համալսարան ընդունվելու համար ուսանողներից շատերը պետք է հանձնեն անգլերենի իմացությունն ստուգող TOEFL քննություն։ Այն հաջող հանձնելու համար առաջին հերթին աշխատասիրություն և գործնական գիտելիքներ են անհրաժեշտ, իսկ «Լույսի» կրթաթոշակառուների կողմից առաջարկվող խորհուրդները կօգնեն քեզ սովորելու գործընթացն ավելի սահուն ու արդյունավետ դարձնել:

1.ՇԱՏ ԿԱՐԴԱ

Ընթերցանությունը բառապաշարը հարստացնելու լավագույն եղանակներից է, դրանից բացի՝ կարդալը նաև զարգացնում է ըմբռնելու կարողությունն ու մարզում վերլուծական մտածողությունը։ Եթե անգլերեն շատ կարդաս, աստիճանաբար կսկսես նաև մտածել անգլերեն, և TOEFL–ի առաջադրանքն անհամեմատ հեշտ կթվա` լինի դա պատասխանի բազմակի տարբերակ ունեցող հարց (multiple choice), թե էսսեի շարադրում: Գրքերից բացի՝ տեղեկատվական և հետաքրքիր ընթերցանության աղբյուր են թերթերի հոդվածները. անգլերեն ընթերցանության համար հետաքրքիր նյութեր են առաջարկում The New York Times-ը, The Economist-ը, Bloomberg-ը , Wall Street Journal-ը և այլն։

2. ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ ԼՍԻՐ

Աուդիոգրքեր կարելի է լսել ցանկացած միջավայրում և ցանկացած պահի՝ աշխատանքի գնալու ճանապարհին, կենցաղային գործերի ընթացքում, հերթում կանգնած ժամանակ և այլն: Լսելը նույնպես օգնում է հարստացնել բառապաշարը, քանի որ նոր բառերն ընկալվում են որոշակի համատեքստում: Այլալեզու խոսք լսելը զարգացնում է նաև այդ լեզվով խոսելու հմտությունը, քանի որ նոր բառերը լսում ես ճիշտ արտասանությամբ ու ենթագիտակցորեն այդպես էլ մտապահում ես դրանք: Ի վերջո, լսելը զարգացնում է երևակայությունը` նույն ազդեցությունը գործելով, ինչ մանկության տարիներին տատիկի պատմած հեքիաթները։

3. ՖԻԼՄԵՐ ՆԱՅԻՐ

Առօրյա թեմաներով ֆիլմային երկխոսություններ լսելը TOEFL–ի ունկնդրման քննությանը պատրաստվելու լավ եղանակ է: Ֆիլմերի դիտումը, բացի հետաքրքիր ժամանց լինելուց, խոսակցական լեզուն զարգացնելու լավ միջոց է։ Եթե նախնական շրջանում լեզուն հասկանալու խնդիր ունես, կարող ես սուբտիտրներով` ենթագրերով ֆիլմ ընտրել կամ կինոնկարը դիտել մի քանի անգամ, մինչև ամբողջը հասկանաս:

4. ԳՐԻՐ ԱՄԵՆ ՕՐ

Գրելու հմտությունը բարելավելու եղանակն անընդհատ գրելն է։ Անգամ ֆորումներում, բլոգներում և սոցիալական ցանցերում գրառումներ կատարելը բավարար է անգլերենի քո ամենօրյա «չափաբաժինն» ստանալու համար։ Դու կարող ես անգամ օրագիր պահել կամ սեփական բլոգն ունենալ: TOEFL–ի առաջադրանք էսսեները լավ գրելու համար նախ մտքում ձևակերպիր հիմնական դրույթներն ու կառուցվածքը, նոր միայն անցիր գրավոր շարադրանքին. սա կօգնի քեզ սահուն ու տրամաբանորեն շարադրել մտքերդ:

5. ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԳՏԻՐ

Կարևոր ու օգտակար է գտնել մի մարդու, ով քեզ հետ նույն գաղափարներն ու նպատակներն ունի։ Դու կարող ես բանավոր խոսքդ զարգացնել և պարապել անգամ ընկերական զրույցի կամ հավաքի ժամանակ։ Նախաքննական լարվածությունը հաճախ ընկճում է ու նվազեցնում մոտիվացիան, իսկ ընկերոջ հետ պարապելով` դու անընդհատ նոր լիցքեր ես ստանում ու չես շեղվում նպատակից։

6. ՕԳՏՎԻՐ YOUTUBE–Ի ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Անգլերենի իմացությունդ բարելավելուն զուգահեռ՝ անպայման ժամանակ հատկացրու TOEFL-ի առաջադրանքներ կատարելուն։ YouTube-ի NoteFull ալիքն արժեքավոր խորհուրդներ է տալիս` անգլերեն գրավոր խոսքի շարադրանքի և ոճի հետ կապված: Բացի դրանից՝ այնտեղ կարող ես լսել խոսքի, երկխոսության նմուշներ, որոնք քննության ժամանակ կարող են օգտագործվել հենց քո թեստում։ YouTube-ում կարող ես որոնել ու դիտել թեմային առնչվող բազմաթիվ այլ նյութեր` TED ելույթներ և այլն։

7. ՆԵՐԳՐԱՎՎԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԽՄԲԵՐՈՒՄ

Սոցիալական ցանցերում բազմաթիվ խմբեր կան, որտեղ քննարկվում ու մատուցվում են TOEFL-ին վերաբերող արժեքավոր խորհուրդներ, նյութեր և այլն։ Դու կարող ես հարցեր ուղղել խմբի մասնակիցներին ու պատասխաններ ստանալ, ինչպես նաև անձնական շփում հաստատել քննությանը նախապատրաստվող այլ մարդկանց հետ` քննարկելու համար թեստի հետ կապված տարբեր մանրամասներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել