Tert.am-ը գրում է.

Նոր Կառավարության  ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մյուսներից նրանով, որ կոնկրետ է, այստեղ խնդիրները դրված են նույնիսկ եռամսյա կտրվածքով: Այսինքն՝ չափելի, գնահատելի արդյունքներ կարելի է ակնկալել: Այս մասին Tert.am-ը զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

-Պարո՛ն Մարգարյան, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների փակումը կամ օպտիմալացումը ի՞նչ կտա ՀՀ տնտեսությանն ու բյուջեին, կամ այս շրջանում ի՞նչ է տարել պետությունից:

-Ընդհանրապես ԾԻԳ-երի խնդիրը միշտ էլ եղել է, նախորդ վարչապետների օրոք ևս: Դեռևս Տիգրան Սարգսյանի ժամանակ նախարարություններին տվյալ ոլորտի քաղաքականությունը մշակելու և իրականացնելու իրավունք վերապահվեց: Իհարկե, դրանից հետո բավականաչափ ընդլայնվել է այս ցանցը, եթե չեմ սխալվում մոտ 3 տասնյակ այդպիսի ԾԻԳ-եր կան նախարարություններում և Կառավարության առընթեր, որոնք լուրջ խնդիրներ են առաջացել: Ներկա բյուջետային իրողության համատեքստում խնդիր է առաջացել դրանց քանակը կրճատելու և այդ բնագավառը կարգավորելու համար: Թե այս պահին ինչ կտա դրա օպտիմալացումը, դեռ դժվար է ասել, բայց այդտեղ լուրջ գումարներ են ծախսվում:

Այդ գրասենյակները որոշակիորեն պետք է ինտեգրել նախարարություններին, որովհետև, ի վերջո, աշխատողների զգալի մասը համագործակցում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:

Այդ պատճառով, զուտ կամայական վարչական լուծումներով փակելը ճիշտ չէ, հետևաբար այդտեղ օպտիմալացման խնդիր կա, և ԾԻԳ-երը նախարարությունների հետ ինտեգրելու քաղաքականություն պետք է լինի: Միջոցներ կտնտեսվեն և ավելի տեսանելի ու թափանցիկ կդառնան ֆինանսական հոսքերն ու գնումների համակարգը:

-Կառավարության առաջարկած ծրագրում ներդրումային ֆոնդի ձևավորման մասին է նշված, հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով: Ի՞նչ է իրենից ենթադրում ներդրումային ֆոնդի ձևավորումը և միջազգային ինչ փորձ կա այս ոլորտում:

- Սա մի փոքր ռիսկային է: Ծրագրում մի քանի նախադասությամբ գրվածը շատ գրավիչ է, բայց թե ինչ ռեսուրսներից ու ինչ աղբյուրներից պետք է այդ ֆոնդը ձևավորվի, այս պահին դժվար է ասել: Բայց միաժամանակ, մի քանի ծրագրերում հղումներ կան պետություն-մասնավոր համագործակցություն ձևաչափի մասին: Պետք է ենթադրել, որ հենց այդ ձևաչափից էլ այդպիսի ֆոնդ կստեղծվի, եթե դա լինի, ապա այն բավականաչափ արդյունավետ է: Դա ընդունված մոդել է մի շարք երկրներում: Նման ֆոնդ և նույնիսկ ֆոնդերի համակարգ կա Իսրայելում, որտեղ պետությունը լուրջ մասնակցություն ունի, հատկապես այն ներդրումային նախագծերի մասով, որոնք նորամուծություններ են պարունակում: Նման նախագծերին պետության մասնակցությունը և համաֆինանսավորման, համավարկավորման որոշակի ռեսուրսների և արտոնությունների տրամադրումը հարմար գործիք կարող է լինել և իրավիճակ փոխել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել