Image result for абу бакр ал бахдадиԱրաբական և իրանական մի շարք լրատվամիջոցներ կրկին «կենդանացրել են» արդեն մի քանի անգամ «մահացած» «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Ըստ տարածված տեղեկատվության՝ ԻՊ- ի խալիֆին և կառույցի առաջատար 3 դաշտային հրամանատարների փորձել են թունավորել ճաշկերույթի ընթացքում, որից հետո նրանք տեղափոխվել են անհայտ ուղղությամբ՝ բուժման նպատակով, իսկ տեղանքում իրականացվել է բոլոր կասկածելի անձանց ձերբակալություն:

Վերջին անգամ ալ-Բաղդադիի մահվան մասին լուրերին անդրադարձ էր կատարվել ընթացիկ տարվա հունիսի 14-ին, երբ ԻՊ-ի հետ ասոցացվող «Ալ-Ամակ» գործակալությունը հաղորդել էր, որ ալ-Բաղդադին զոհվել է Ռամադան սուրբ ամսվա 5-րդ օրը(հունիսի 10):

Իսկ դեռևս 2015թ. հոկտեմբերին հաղորդվել էր, որ ալ-Բաղդադին ծանր վիրավորվել է սիրիա-իրաքյան սահմանին կոալիցիոն օդուժի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով, ինչից հետո, ըստ չճշտված տեղեկատվության, փոխադրվել էր Լիբիա:

Ինչ խոսք, բավական բարդ է գնահատել վերոնշյալ հակասական բնույթի տեղեկատվությունը: Բնականաբար, ենթադրելի է, որ հատկապես վերջին ամիսներին ԻՊ-ի համար ստեղծված բավական բարդ իրավիճակային պայմաններում, երբ կառույցի դեմ պայքարի առանցքային ուղղություններից մեկն էլ նրա ղեկավար շրջանակների ոչնչացման ուղղությունն էր, կառույցը կարող էր միտումնավոր կերպով շրջանառել սեփական առաջնորդի մահվան վերաբերյալ ապատեղեկատվություն՝ հակառակորդի հետապնդումներից խուսափելու համար:

Իսկ թունավորման հնարավոր դեպքը շատ ավելի տրամաբանական է դիտարկել կառույցի ներսում ծավալվող դավադրությունների տրամաբանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել