Ադամն ընտրեց խնձոր, իսկ մենք՝ նախագահ: Մարդ, իրոք, պետք է ազատ լինի, որ կարողանա մաքուր սրտով քայլել, սոված մնալ ու լողանալ, հավատալ Աստծուն, վիրավորվել փամփուշտից, չլինել քվեաթերթիկում, ապահով ապրել ու ամենակարևորը՝ ընտրել: Եդեմական այգում Աստված Ադամին պատվիրեց, որ նրանք չուտեն բարու և չարի գիտության ծառից, այնուամենայնիվ Աստված ասաց՝ դու կարող ես ընտրել քեզ համար, քանզի դու ունես ընտրելու ազատություն… Ի դեպ, Եդեմում արտահերթ ընտրությունների մասին ոչ ոք չգիտեր, ինչի հետևանքով մենք հիմա նախագահ ենք ընտրում…դեռ ավելի՝ քարոզարշավներ կազմակերպում ու շոուառևտրի ներկայացուցիչներին շաբաշներ տալիս…
Նախագահական այս ընտրությունները, ինչ խոսք, քարոզչական շատ կատակերգակ ու սրտաճմլիկ դրվագներով ազդարարվեց, և ազգս ականատեսն ու վկան եղավ ամենաէքստրեմալ ու ամենաարտառոց անհեթեթություններին՝ առանց տոմսի ու ռոմանտիկ պայմաններում՝ բաց երկնքի տակ: Մեկը հացադուլ արեց, երկրորդը պահանջեց վերացնել ընտրագրավը, երրորդը վիրավոր քարոզեց, Արտաշեսն ասաց՝ յա Գարեգին Նժդեհ,- աաաաաա ներողություն սա ուրիշ սիմֆոնիայից էր, չորրորդը 100 քայլ արեց, հինգերորդը չեմ էլ հիշում արդեն՝ ինչ արեց… Բայց բոլորը շարունակում էին անել, թե ում, ինչու և ինչպես իրենք էլ չէին գիտակցում (երևի նախախնամությունից է), բայց շարունակում էին քայլել… Դեռ ավելին ազգիս թնջուկոտ թեկնածուները բոլոր հնարավոր ու անհավանական մեթոդներով ու եղանակներով առատորեն լիաբեռնեցին նույն ազգիս հասարակ մահկանացուներին իրենց «թեզերով», «զգլխիչ առաջարկություններով» ու «մարդահաճո ծրագրերով»:
Լցոնել, թափանցիկ, ընտրակաշառք… բառեր, որոնք արդիական են դառնում ընտրությունների ժամանակ, ընտրությունների հետևանքով ԿԱՄ շնորհիվ և զուր չէ ասված՝ միշտ ակտուալ են՝ անկախ սեռից ->(լցոնել), մաշկի գույնից -> (թափանցիկ) ու սոցիալական դրությունից -> (Ընտրակաշառք):
Մի անգամ Հեմինգուեյը գրազ է գալիս, որ 6 բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի ամենահուզիչը, ու նա հաղթեց գրազը:
«Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեք չկրած» (անգլ.` «For sale: baby shoes, never used.»):
Արեգ Գրիգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել