Ես հպարտանում եմ իմ ազգի անցյալով, գլուխ եմ խոնարհում մեր մեծերի առաջ, հավերժ պահում եմ նրանց վառ հիշատակը:
Ես նրանց ամեն մեկի մասնիկներից կազմված մի ամբողջություն եմ: Մի քիչ Կոմիտաս, մի քիչ Փափազյան, մի քիչ Նժդեհ, մի քիչ Ֆրունզիկ եւ այսպես շարունակ անուններ, որոնց թվարկելու եւ ներկայացնելու համար մի ողջ կյանքն էլ բավական չէ: Ինձ նման շատ մարդիկ են մտածում, բայց ավաղ մենք մեր հանրության շատ քիչ մասն ենք կազմում: 
Մի կոպիտ օրինակ բերեմ:
Ասենք, մեր երկիրը ինչ-որ մի արոտավայր է, որտեղ կա հովիվ՝ նախագահ, հովվի ընտանիք՝ կառավարություն, ոչխարներ, անասուններ, այծեր, ցլեր եւ այլն՝ բազմազան բնակչություն, գայլեր՝ արտաքին եւ ներքին թշնամիներ, եւ կան հովվաշներ՝ մտավորականներ, գիտնականներ եւ այլն: Հովիվը, պարզ է, կանգնած վերևում կառավարում է իր նախիրը եւ իր ընտանիքը, եւ բոլորը կախում ունեն իրենից: Կառավարությունը դե պարզ է, իսկ ահա բնակչությունը միայն ենթարկվում է եւ գլուխը կախ արածում: Երբ որ հովվին պետք է, նրանց կթում է, երբ պետք է, մորթում է, երբ պետք է, սպանում է, երբ պետք է, ծախում է եւ այսպես շարունակ: Բնակչության մեջ ով թույլ է, սատկում է, ով վախկոտ է, փախչում է, ով ծույլ է, հավերժ ծառայում է, իսկ ովքեր խելացի են, պայքարում են: Բայց սրանք որքան էլ պայքարեն, մեկ է, ապարդյուն է: Այ այստեղ դերի մեջ են մտնում ամենակարևոր օղակը՝ հովվաշները՝ մարդիկ, ովքեր կատարում են իրենց գործը եւ միեւնույն ժամանակ չեն ենթարկվում իշխանության եւ նախագահի քմահաճույքներին, չեն վախենում թշնամուց, սիրում են իրենց ազգին եւ պետք եղած ժամանակ կարող են համախմբել եւ կառավարել նրանց: Մեկ բառով ասած՝ հովվաշները այն մարդիկ են, ովքեր ինքնուրույն մտածելու ունակություններ ունեն եւ ինքնորոշված անձինք են: Իհարկե, կան նաև շակալներ, ովքեր շատ հաճախ, ասենք, գառան մորթի հագած խառնվում են հոտին եւ ցանկանում խառնել իրար, բայց հիմա խոսքը իրենց մասին չէ: Ցավն այն է, որ հովվաշներ այսօր շատ քիչ կան մեր երկրում, չկան նրանք, ում հետեւից ժողովուրդը պատրաստ է գնալ, իսկ միգուցե կան, բայց իշխանությունը նրանց ներկայացրել է, որ նրանք գայլեր են կամ շակալներ, ու ոչխարները եւ անասունները նրանց միամտաբար հավատացել են: Եւ երբ որ այդպես ներկայացրած հովվաշներին, ասենք, ինչ-որ բան է պատահում, ոչխարները գրեթե միահամուռ ուրախանում են եւ խնջույք կազմակերպում: Պարզապես ոչխարները մեղավոր չեն, որ իրենք ոչխար են, եւ անասունները մեղավոր չեն, որ իրենք անասուն են, ուղղակի այդպես են նրանց սովորեցրել: Դրա համար հովվաշները պետք է այնքան ուժեղ լինեն, որ կարողանան հեղափոխել նրանց մտքերը եւ ներկայացնել իրականությունը՝ որքան էլ այն դառը լինի: Բայց հո հովիվը կամ նրա ընտանիքը հիմա՞ր չեն, որ այդպիսի բան թույլ տան, նրանք միանշանակ քայլեր կձեռնարկեն: Օր. որոշ հովվաշներին կարտաքսեն արոտավայրից, որոշներին կսպանեն, որոշներին այնքան կզզվեցնեն, որ իրենք իրենց կհոգնեն ու կհեռանան արոտավայրից, բայց միշտ կլինեն այնպիսի հովվաշներ, որոնք ոչնչից չեն վախենա եւ կշարունակեն պայքարել: Շատ պարզ է մեխանիզմը: Ես այս տերմինալոգիայով գրեցի, որպեսզի շատերին հասկանալի լինի, ասես հեքիաթ գրելիս լինեի: Օրինակ՝ եթե ներքեւի օղակից մի քանիսը որոշեն հեռանալ, ապա ամբողջ կառավարման համակարգը կարող է փլուզվել եւ բոլոր ոչխարներն ու անասունները կազատագրվեն, իսկ հովիվը եւ իր ընտանիքը, եթե լավ չի կառավարել եւ չարաշահել է իր պաշտոնը, ստիպված կլինի փախչել արոտավայրից, հակառակ դեպքում խոտակեր կենդանիները, գիշատիչ դարձած, կսկսեն նրանց հոշոտել: Եվ այսպես մեր երկիրը այլ բառերով նման է պիրամիդայի. վերևում կանգնած է մեկը, իսկ իրենից ներքեւ շերտ առ շերտ մյուսները, բայց ցանկացած պիրամիդա վտանգված է փլուզման եւ ունի թույլ կետ, մեր պարագայում այդ կետը հովվաշներն են՝ մտածող մարդիկ, ովքեր պետք է համախմբվեն եւ փոխեն մեր կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել