Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱ ֆիլմը: Տոլստոյի վեպը ամենաշատն է էկրանավորվել աշխարհում: Որեւէ այլ ռուսական ստեղծագործություն այսքան հաճախակի չի արժանացել Հոլիվուդի ուշադրությանը:
Տոլստոյի վեպի նոր մեկնաբանությունը առանձնանում է սիմվոլների առատությամբ եւ նույնիսկ այն փաստին, որ ռուսական կինոքննադատներն ու մամուլը իրենց անդրադարձներում ծայրահեղական են, այնուամենայնիվ ֆիլմը խորն է ու արդիական:
Ֆիլմի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Թատրոնում... եւ որտեղ, եթե ոչ թատրոնում են իրական կրքերը եւ որտեղ, եթե ոչ թատրոնում է ֆարսը: Հասարակության հավաքատեղին Նորին Մեծություն Թատրոնն է, իսկ մեր դեպքում մերօրյա թատրոնը սոցցանցերն են, որտեղ քննարկվում է ամեն ինչ եւ չի ներվում ոչինչ: 
Թատրոնի կուլիսները ժամանակշրջանն է մռայլ, խրթին ու վտանգավոր: Հերոսները հայտնվում են տարբեր դեկորացիաներում, Կարենինների առանձնատունը հենց թատերաբեմն է, թեեւ ամուսնական ննջասենյակը իրական է, որովհետեւ այստեղ ամեն ինչ թաքուն է հասարակությունից ու ննջասենյակը դառնում է բեմ, միայն այն ժամանակ, երբ գաղտնիքները դառնում են հանրային քննարկման թեմա: Վրոնսկու եւ Աննայի բնակարանը անավարտ դեկորացիաներն են: Աննայի, որդու եւ ամուսնու հարաբերությունները խճճված են ձեռակերտ լաբիրինթոսում: Տան սիմվոլը անընդհատ է ֆիլմում, ասես չկայացած ընտանիքի ստվերն է, որ տանջում է հերոսներն: Գնացքը կարեւոր գործող անձ է ֆիլմի սկզբից մինչեւ վերջ: Այն մեկ մահաբեր գործիք է, մեկ էլ պարզ եւ ուրախ խաղալիք, այն ժամանակի ու տարածության կապող ընթացքն է: 
Ֆիլմի իրական հույզերը դուրս են նույն թատրոնից, դրանք տեղի են ունենում Բնության սեփական դեկորացիաներում եւ իրական են ու համոզիչ իսկական զգացմունքների պես: Իդեալիստ Լեւինը անկախ իր կարողությունից կարծես թե զերծ է հասարակությունից, թեեւ հասարակության ծառան է եւ հասարակությունից ուզում է փրկել իր պատառ սերը: Թերեւս դա նրան հաջողվում է: 
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ԿիրաՆայթլին Կարենինա չէ... եւ Կարենինն էլ չէր կարող այսպիսին լինել... Իմ կարծիքով ֆիլմի առանցքային կերպարը հենց Կարենին է, որի փայլուն դերակատարումը Զադ Լոունն է... Սիրել այնպես, որ հասկանալ դավաճանությունը, լինել այնքան ուժեղ, որ դեմ գնալ հասարակությանը, ինքնապատժվել, բայց շարունակել սիրել: Այս Կարենինը ավելի մոտ է Տոլստոյի հերոսին, քան մինչ այս մեզ հայտնիները: Քառասունն անց ազդեցիկ այր, ով ամուսնացել է քսան անց գեղեցկուհու հետ: Սիրո սարդոստայնում հայտնվաած Կինը չի ատում իր ամուսնուն եւ խալագարության հասնող սերը համարում է եւ պարգեւ, եւ պատիժ: Նայթլիի կերտած Աննան ավելի քան իրական է եւ համոզիչ, սիրող մայր, սիրող ամուսին, սիրող քույր եւ ուղղակի սիրող Կին, ով ստիպված է պայքարելու իր սիրո համար հասարակության ֆարսի դեմ:
ֆիլմի նկարչական լուծումները գալիս են լրացնելու հիմնական գաղափարը: Աննա Կարենինայի կերպարը ամենեւին չի պահպանում դարաշրջանը. ճոխ զգեստներ, որ կարծես հենց նոր են իջել դիզայներական ցուցադրությունից, մարգարտաշարերի առատություն, գրեթե ժամանակակից սանրվածք... այս ամենը մոտեցնում է պատմությունը մեր իրականությանը: 
Ահարոն Թեյլոր Զեքսոն կերտած Վրոնսկու արտաքին փայլի տակ կամային տղամարդու տեսակ է... հասարակությունը կամաց-կամաց մերժում է նրան, սակայն սիրո հանդեպ պատասխանատվությունը ավելին է, թեեւ ծանր է: Այո, սերը ծանր աշխատանք է, չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու:
Բեմադրիչը` Զո Ռայթը խոստովանել է, որ պատմությունը եւ իրավիճակը շատ մոտ են եղել իրեն, եւ ինքն էլ հասկացել է, թե վեպի ադապտացիան սովորական պիտի չլինի: Հենց այստեղ է, որ պետք է փառաբանել սցենարի հեղինակին` Թոմ Սթոփփֆորդին, ով թատրեական դրամատուրգ է եւ երեւի հենց այս հանգամանքն է օգնել թատրական պայմանականությունների մեջ ստեղծել իրական հույզեր: 
Սա ամենեւին բանալ սիրո պատմություն չէ, սա անհատի եւ սոցիումի բախումն է: Ինչպես էլ փոխվեն ժամանակները, հասարակական կարծիքը որոշիչ է:
Ու այնուամենայնիվ ֆիլմը ՍԻՐՈ մասին է՝ սեր առ Ընտանիք, առ Հայրենիք, առ Կին եւ Տղամարդ....
Վերջում, հենց վերջին տեսարանի մասին. Կարենինն է գեղեցիկ ու ծփացող դաշտում հանդարտության եւ ներդաշնակության մեջ, Սերյոժան վազվզում է, երեւում է փոքրիկ Անյան ու միայն մի քանի վայրկյան հետո այս բնության գեղեցիկ տեսարանը բացվում է ամբողջությամբ: Դաշտը թատրոնի կենտրոնում է... Իդիլիան սահմանափակված է հասարակության պայմանականությամբ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել