Image result for ԳյուղատնտեսությունԳյուղատնտեսությունը կառավարության մեխն է եղել

Հայաստանյան մամուլի ներքաղաքական վերջին հրապարակումները հիմնականում վերաբերվում էին վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ամենուր խոսվում էր հնարավոր հրաժարականի մասին, և ներկայացվում էին վարչապետի հնարավոր թեկնածուները: Այսօր այդ տեղեկատվությունը հաստատվեց․ վարչապետ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց։ Այս առիթով փորձեմ մի քանի դետալ ներկայացնել վերջին երկուսուկես տարիներից:

Եթե խոսենք ոլորտային գործունեության մասին, պետք է նշել, որ բավականին շոշափելի ներդրումներ են կատարվել գյուղոլորտում: ՀՀ գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները որոշակիորեն համակարգվել են, նախաձեռնվել և իրականցվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն:

Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագիծը և ոռոգման համակարգի կառուցման մանրամասն նախագծման և մրցույթային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները պատրաստ են: Ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը սկսված է: Կառուցվող պատվարը կունենա 85մ բարձրություն, 29 մլն մ3 ծավալ․ արդյունքում հնարավոր կլինի ոռոգել 3200 հա հողատարածք:

Եղվարդի անավարտ ջրամբարը նախագծվել և սկսվել է կառուցվել 1980-ական թվականներին` 228 մլն մ3 ընդհանուր ծավալով և թվով երկու պատվարներով 30,5 հազ. հա հողատարածքների ոռոգման և ջրապահովվածության մակարդակի բարձրացման համար: Ներկայումս ընթանում են ջրամբարի իրագործելիության ուսումնասիրությունները, որոնք կավարտեն 2016 թվականի մայիսին, որից հետո կսկսվեն նախագծման աշխատանքները: Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին:

Մաստարա ջրամբարը նախատեսվում է լցնել Սելավ Մաստարա և Ախուրյան գետերի՝ գարնանային վարար հոսքով: Ջրամբարը կբարձրացնի 3794 հա ոռոգվող հողատարածքների ջրապահովման մակարդակը, կապահովի մեխանիկական ոռոգման անցում ինքնահոս համակարգի: Կապսի ջրամբարի կառուցման 1-ին փուլով նախատեսվում է ոռոգելի դարձնել 12325հա հողատարածք, իսկ 2-րդ փուլով՝ 2200հա:

Հ.գ. Պետք է նշել, որ, անկախ ներքաղաքական հետագա զարգացումներից, Աբրահամյանն իրենից քաղաքական բավականին լուրջ անցյալ և ֆինանասական ու տնտեսական լծակներ ունեցող անձնավորություն է ներկայացնում և քաղաքական դաշտում հետագա գործունեությամբ կարող է իրավիճակ փոխել և լոկոմոտիվի դեր ստանձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել