Այն, որ ամեն ազգի մեջ էլ լինում են տմարդի ու տականք երևույթներ, գիտենք բոլորս: Մեր ազգի մեջ էլ կան ստոր ու սրբապիղծ, Աստծուն ուրացած ու որկրամոլ այնպիսի տականքներ, որոնք երկու կոպեկի համար ընդունակ են ամեն ստորության: Անհավատալի է, բայց պարզվում է՝ Երևանում կա լածիրակների մի խումբ, որի անդամները, ապրիլյան պատերազմի զոհերի նկարները ձեռքներին, շրջում են քաղաքի տարբեր թաղամասերում, թակում են մարդկանց դռներն ու մարդկանց ներկայանալով իբրև մեր հերոսների հարազատներ՝ նրանցից գումար են խնդրում տղաների «հիվանդ» երեխաների բուժման համար: Հարազատներին ավելորդ անգամ չանհանգստացնելու ու չնյարդայնացնելու նպատակով չեմ կոնկրետացնի, թե տղաներից կոնկրետ ում մասին է խոսքը, միայն կասեմ, որ այդ տականքները, որպես թիրախ, ընտրել են մի քանի ընտանիք, որտեղ մանկահասակ երեխաներ կան և քաղաքի տարբեր թաղամասերում տարբեր անուններ են տալիս: Եվս մեկ անգամ համոզվելով, որ մեր հերոսների նշված ընտանիքներում  ոչ մի երեխա առողջական խնդիրներ չունի, ուզում եմ զգուշացնել մեր քաղաքացիներին.  աչալուրջ եղե՛ք, և եթե նմաններից մեկն էլ թակի ձեր դուռը, ապա նրան գումար մեկնելու փոխարեն բռնե՛ք ձեռքից ու պահեք այնքան, մինչև ոստիկանությունը տեղ կհասնի, որովհետև սա ոչ թե սովորական մուրացկանություն է, այլ մարդկային ամենասուրբ ու նվիրական հույզերի հաշվին օրը ցերեկով կատարվող կողոպուտ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել