Պատմական գիտությունների թեկնածու

Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը ադրբեջանական իշխանությունների համար դարձել է հակահայկական հերթական հիստերիայի առիթ, և Բաքվի կողմից գրեթե ամեն օր այս հարցի վերաբերյալ հնչեցվում են սպառնալիքներ: Իսկ միջազգային հանրությունը, ինչպես միշտ, այս անգամ ևս աչք է փակում դրա վրա՝ մոռանալով այն փաստը, որ Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսում իրականացվում են չվերթներ, և որին մասնակցում են նաև ադրբեջանական ինքնաթիռները: Սակայն հարց է առաջանում, թե ինչու Ադրբեջանը այս հարցը շահարկման առարկա է դարձնում, չէ՞ որ նման դատողության պարագայում Ալիևի կլանը պետք է բարձրացնի նաև ԼՂՀ ցամաքային կապը իր կողմից վերահսկողություն հաստատելու հարցը: Ադրբեջանական իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ ԼՂՀ միջազգային ճանաչման և որպես սուվերեն պետություն ընկալման համար օդանավակայանի շահագործումը կարող է մեծ խթան հանդիսանալ, քանի որ, ի տարբերություն Լաչինի և Քարվաճառի միջանցքի, այն հնարավորություն է տալիս կապ հաստատել գրեթե բոլոր պետությունների հետ: Հետևաբար Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա այն շահագործել, բայց երկարաժամկետ առումով այս քաղաքականությունը դատապարտված է անհաջողության, քանի որ ժամանակի ընթացքում, տեղի տալով ճնշումներին, ադրբեջանական իշխանությունները կհարմարվեն այս փաստի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել