Լինում է, չի լինում մի գանգրահեր տղա է լինում։ Նա ապրում է մի փոքրիկ փայտե տնակում, որ գտնվում է սաղարթախիտ մի անտառում։ Այդ անտառը լի էր փշոտ եղևնիներով, բարձր սոճիներով, գույնզգույն ծաղիկներով, համեղ սնկերով ու բազմապիսի կենդանիներով` սկյուռիկներ, մկնիկներ, գեղեցիկ ձայնով փոքրիկ թռչուններ, որոնք իրենց երգով զարդարում էին այդ անտառը և ուրախացնում փոքրիկ տղային։ Ամեն օր այս փոքրիկը գնում էր անտառ, սունկ էր հավաքում, իրեն հանդիպած կենդանիներին կեր էր տալիս, լսում էր թռչունների թեթև երգը, ժպտում իր եղբորը` արևին, ու տուն գալիս։ Նա գիտեր անտառի ամեն ծառն ու թուփը, ամեն կենդանին ու թռչունը, նրանցից շատերին նույնիսկ անուններ էր տվել։ Բայց կար մի թռչուն, որին նա ոչ մի կերպ գտնել չէր կարողանում։ Ամենագեղեցիկը հենց այդ թռչնի երգն էր, նրա զուլալ ձայնը, որ արձագանքում էր ողջ անտառում, շրջակա սարերում ու հասնում մինչև լեռնային լճակը։ Գանգրահեր փոքրիկը շատ էր ցանկանում գտնել նրան, և…
  Եվ մի ամենասովորական արևոտ օր նա կրկին գնաց անտառ՝ զբոսնելու։ Հասավ իր սիրած վայրը` կոճղի մոտ, որտեղ ծառերի արանքից երևում էր լեռնային լճակը, նստեց այդտեղ, ու հանկարծ նրա ականջին հասան հարազատ հնչյուններ, բայց այս անգամ` մոտիկից։ Գլուխը բարձրացրեց ու տեսավ աննկարագրելի գեղեցիկ մի կապույտ թռչնակի, որի թևիկների ծայրերը ոսկեգույն էին` ճիշտ տղայի գանգուրների պես, իսկ գլխին ասես փոքրիկ թագ լիներ։ Գլուխն այսուայնկողմ թեքելով` ուշադիր նայում էր փոքրիկին։ Նա էլ` հիացած, առանց աչքը թռչնակից կտրելու մոտեցավ նրան, ավելի ուշադիր զննեց նրան, ու մի չարաճճի միտք ծագեց` տանել նրան տուն ու պահել։ Ինքն իրեն խոստացավ, որ եթե դա իրեն հաջողվի, թռչնակին կպահի աչքի լույսի պես, նրան կտա միայն ամենալավ կերը, կպահի համենագեղեցիկ անկյունում ու մեծ վանդակում։ Աջ ձեռքը շա՜տ զգույշ մոտեցրեց թռչնակին, իսկ նա` ինչ-որ անծանոթ վտանգ զգալով, արագ թռավ ու անհետացավ ծառերի բազմության մեջ։
  Տղան շատ էր տխրել. արցունքն աչքերին վերադարձել էր տուն ու ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ, իսկ այն չարաճճի միտքն արդեն խոր արմատներ էր գցել։ Նա հասկացավ, որ արցունքներով թռչնակին ետ չի բերի, և անցավ գործի։ Մի շատ գեղեցիկ վանդակ պատրաստեց` ոչ շատ փոքր, դրա մեջ լցրեց ճերմակ երիցուկներ ու դրեց տան ամենալուսավոր անկյունում։
  Հաջորդ առավոտ նա կրկին գնաց անտառ` նույն վայրը, ու կրկին տեսավ իր գեղեցկուհուն, որ հերթական եթերային երգն էր երգում։ Տեսնելով տղային` նա միանգամից դադարեց երգել ու սկսեց նորից ուսումնասիրել նրան։ Տեսնելով նրա ժպտացող աչքերը` թռչնակը մտածեց, որ տղան իրեն վրաս չի տա, և երկու փոքրիկ ցատկ արեց նրան ընդառաջ` շարունակելով ուսումնասիրել։ Փոքրիկն էլ, թռչնի այդ ցատկերից ոգևորված, երկու զգույշ քայլով գնաց նրան ընդառաջ։ Որքան շատ էր նայում անտառի գեղեցկուհուն, այնքան շատ էր ուզում նրան տանել ու տանը պահել։ Նա ձեռքրը մոտեցրեց թռչնակին, բայց գեղեցկուհին այս անգամ ոչ թե անհետացավ ծառերի արանքում, այլ ընդամենը մի քիչ հետ թռավ։ Իսկ հետո, տեսնոլով, որ տղայի ձեռքում կեր է, կասկածոտ նայեց նրան ու մոտեցավ։ Կերավ գարու հատիկներն ու համոզվեց, որ տղան իրեն վնաս չի տա։ Նա սկսեց վստահել տղային։ Մի քիչ խաղ արեց նրա հետ` դեսուդեն թռչելով, մի քանի ծաղիկներ պոկեց իր դեղնավուն փոքրիկ կտուցով ու բերեց տղային ու թռավ նստեց նրա ուսին։ Նա արդեն վստահում էր տղային։ Փոքրիկն էլ, պահը բաց չթողնելով, երկու ձեռքով բռնեց թռչնակին այնպես, որ չկարողանա փախչել, ու արագ վազեց տուն։ Խեղճ թռչնակը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց մի բան հաստատ գիտեր` թռչել չէր կարողանում, իսկ դա իրեն վախեցնում էր ու տագնապի մեջ գցում։ Փորձում էր թևիկները շարժել, բայց` ապարդյուն։ Երբ հասան տուն, գանգրահեր փոքրիկը վայրկյան չկորցրեց, թռչնակին արագ տեղավորեց վանդակում ու դռնակն ամուր փակեց։ Գեղեցկուհի թռչունը տագնապի մեջ էր, այսկողմ-այնկողմ էր թռչկոտում ու չէր կարողանում դուրս գալ, շուրջբոլորը միայն ճաղեր էին, որոնց արանքով հնարավոր չէր անցնել։ Նա հասկացավ, որ կորցրել էր իր ունեցած ամենաթանկ բանը` ազատությունը։ Նա խռոված հայացքով նայեց փոքրիկին, ինչ-որ ծլվլաց, ու աչքերով աղաչեց, որ իրեն բաց թողնի, իսկ տղան նրան բաց թողնել չէր կարող. չէ՞ որ այդքան ժամանակ փնտրել էր նրան, իսկ նա այնքա՜ն գեղեցիկ էր ու այնքա՜ն հաճելի էր նրա երգը։ Փոխարենը նա գնաց ու թռչնակի համար կերի ու ջրի փոքրիկ ամանները բերեց ու դրեց վանդակում։
  Անցնում էին օրեր, իսկ վանդակում դրված ջուրն ու կերը ինչպես եղել, այնպես էլ մնում էին։ Օրեցոր թռչնակի երգն ավելի տխուր էր դառնում, ավելի էր նմանվում ականջ ծակող ճիչի։ Շուտով նա ընդհանրապես դադարեց երգել, փետուրներն էլ իրենց փայլը կորցրին, խամրեցին, գլխի մանր ցից մազիկները, որոնք թագ էին հիշեցնում, ասես ընկնում էին նրա գլխից, իսկ ինքը անընդհատ նայում էր արևին, երազում էր նորից նրա մոտ թռչելու մասին, անտառին վերևից նայելու, ազատ ճախրելու, հետո էլ` մի դալար ճյուղի վրա նստելու և զովանալու, առվակից ջուր խմելու, իր ընկեր-թռչունների հետ նորից երգելու մասին։ Բայց դա չկար, ինքն այդտեղ մենակ էր, տխուր, մրսում էր ու ոչինչ ուտել չէր կարողանում։ Չնայած այս ամենին, տղան շատ էր սիրում այդ կապույտ թռչնակին ու անում էր ամեն ինչ, որ նա չտխրեր, չհիվանդանար։ Երբեմն ձեռքը մտցնում էր վանդակը, նու՜րբ շոյում նրան, ժպտում։ Բայց այդ սերն ու քնքշանքը պետք չէին թռչնակին, համենայն դեպս` ոչ վանդակում։ Նա ազատություն էր ուզում, նորից թռչել էր ուզում։ Ախր գանգրահեր փոկրիկն իրեն կարող էր ազատության մեջ էլ փայփայել ու իր մասին հոգ տանել։ Բայց համառ տղան, միևնույնն է, նրան համարում էր իրենը և բաց թողնել չէր ցանկանում։
  Եվ գիտե՞ք` ինչ եղավ։ Մի օր արևի շողեր հիշեցնող մազերով տղան մտավ թռչնակի սենյակ ու նրան տեսավ վանդակի մեջ ընկած։ Անտառի գեղեցկուհուց ոչինչ չէր մնացել, միայն թափված գորշ փետուրներ ու մահացող աչքեր։ Խեղճ թռչնի մարմինն այնպես էր փքվում ու սեղմվում, այնքան ծանր էր շնչում։ Աչքերը գրեթե բաց անել չէր կարողանում, միայն շատ ցածր աղերսող ձայներ էր արձակում ու եթե հաջողվում էր աչուկները բացել, խռոված նայում էր տղային։ Չէ՞ որ ինքը վստահել էր նրան, ինչպես չէր վստահել ոչ ոքի, իսկ տղան իրեն զրկել էր իր միակ հարստությունից` ազատությունից։ Հենց դա էլ նրա համար հիվանդություն էր դարձել ու նա մահանում էր։
  Վերջապես տղան հասկացավ իր սխալը։ Հասկացավ, որ նա, ով հոգով վայրի է ու սիրում է ազատությունը, երբեք չի կարող դիմանալ վանդակում, սահամանափակումների մեջ։ Նրանց վերջը միայն մահն է այդ պայմաններում։ Քանի դեռ ուշ չէր, տղան հապճեպ բացեց վանդակի դռնակը, վերցրեց իր սիրելի գեղեցկուհուն, նրա մոտ դրված ուտելիքն ու արագ վազեց անտառ` այնտեղ, որտեղ նրան գտել էր։ Նրան դրեց այն կոճղի վրա, կողքին լցրեց ուտելիքն ու գնաց հետ, թաքնվեց ծառի ետևում այնպես, որ կարողանա տեսնել նրան. վախենում էր, թե անտառի մյուս բնակիչները կվնասեին իր անպաշտպանին կամ կուտեին նրա կերը։ Մի ժամ էլ չանցավ, երբ թռչունը իր վրա զգաց արևի ջերմ, գուրգուրող շողերը, անտառի հարազատ բույրը, ծաղիկները գույնզգույն։ Ինչ-որ ծլվլաց ու վեր ցատկեց, կանգնեց տոտիկների վրա։ Տեսնելով իր կողքին դրված գարին` կտուցով աշխույժ հավաքեց ու կերավ։ Նա կյանքի էր գալիս։ Երբ բավականաչափ ուժ հավաքեց, մի փոքր դժվարությամբ, բայց թափահարեց թեռերը ու կարողացավ հասնել ու նստել մոտակա ծառի ճյուղին։ Նստեց, հանգստացավ, անծանոթ մի երգ երգեց ու թռավ։
  Փոքրիկ տղան շատ ուրախացավ` տեսնելով, որ իր գեղեցկուհին ապաքինվել էր։ Նա հույս ուներ, թե այստեղ, անտառում կկարողանար պահել նրան, բայց… Բայց թչնակը միշտ վերևում էր սավառնում ու նրա մոտ չէր իջնում։ Նա չկարողացավ տղային ներել իր անգութ քայլի համար ու կրկին վստահել նրան։ Սակայն հոգու խորքում ինչ-որ մաս շնորհակալ էր նրան, որ գոնե վերջին պահին բաց թողեց։
  Այսպես ոսկի գանգուրներով մեր փոքրիկ տղան հասկացավ, որ ամենասխալ բանը ինչ-որ մեկի ազատությունից ու ընտրության իրավունքից զրկելն է, ու այլևս երբեք այդպես չվարվեց ոչ մի շնչավոր արարածի հետ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել