Առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքական ուժերից շատերը մաշել են ռեսուրները և իրատեսական չեն համարում այս պայքարում հաջողություն գրանցելը, որոշներն էլ ամբողջ ուժով լծվել են գործընթացներին:

Ինչևէ, Ժառանգություն կուսակցությունն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, այսինքն միացել է առաջին խմբին: Կուսակցությունը հայտարարությւոն է տարածել, որտեղ ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը՝ անտեսելով բոլոր վտանգները, մշտապես հավատալով քաղաքական գործընթացում մասնակցության կարևորությանը. որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին»:

Այսքանով Ժառանգությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր մահախոսականն է ներկայացրել: Կարելի է հստակ ֆիքսել, որ 2017-ի ընտրություններից հետո Ժառանգության պատգամավորները լքելու են աթոռները, իսկ խմբակցության անունը վառ կմնա ԱԺ-ի պատմության մեջ:

Մյուս կողմից պետք է ֆիքսել մի կարևոր նրբություն: Ժառանգությունն այս քայլին գնում է ոչ թե հատուկ ու նախապես մշակված քաղաքական-պլանի տրամաբանության շրջանակներում, այլ պարզապես կուսակցության ներսում ռեսուրսների աննախադեպ սով է: Եթե այս քայլը բացատրում են 3 կուսակցականների ձերբակալություններով, ապա դա ավելի է ընդգծում Ժառանգության՝ որպես քայքայված կառույց լինելու փաստը:

Կուսակցությունը, եթե նպատակ ունի ձևավորել քաղաքական մեծամասնություն, ապա ո՞րն է տրամաբանությունը մասնակցել համապետական ընտրություններին, բայց ՏԻՄ ընտրությունների ժամանակ հրաժարվել մտնել պայքարի մեջ: Գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո ընդդիմության հիմնական թեզն այն է, որ իշխանությունը կիրառում է վարչական լծակ: Հիմա չպայքարել այդ լծակին տիրելու համար ու հետո նորից կրկնել ու մատնացույց անել դա, առնվազն ծիծաղելի է:

Սրանից կարելի է ենթադրել, որ Ժառանգությունն ինքն իր համար հստակ ֆիքսել է, որ համայնքներում չափազանց փոքր աջակցություն է ստանալու և կարծես իրատեսական չի համարում որևէ լուրջ հաջողություններ գրանցել թե՛ համայնքներում, և թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Արդյո՞ք այսքանից հետո Ժառանգության ներկայացուցիչները նորից կմեղադրեն իշխանություններին լծակներ կիրառելու համար: Կարծում եմ դրա բարոյական իրավունքը չունեն: Չնայած դեռ հարց է 2017-ին կտեսնենք նրանց պայքարի մեջ, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել